Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ, ՑԱԽԱԼ-ի ղեկավարությունը հանգել է այն եզրակացության, որ հատուկ նշանակության ստորաբաժանման ստեղծումն անհրաժեշտություն է։
Այդ կորպուսն ունակ կլինի գործել թշնամու թիկունքում և ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմից հեռու ընկած տարածքում։ Տվյալ ստորաբաժանումը ստացել է «Խորքային կորպուս» անվանումը։ Սակայն իսրայելցի զինվորականները շտապել են այն ոչ պաշտոնապես կնքել «իրանական կոմանդոս» անվամբ։
Կորպուսի առջև դրվելիք առաջադրանքներից մեկի համար կարող է օրինակ ծառայել 2007 թվականի սեպտեմբերին սիրիական միջուկային ռեակտորի ոչնչացումը կամ՝ թշնամու տարածքի խորքում տեղակայված ահաբեկիչների ճամբարի ոչնչացումը։
Կորպուսի նախապատրաստական աշխատանքների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու մեծ տարածքում ցրված հակառակորդի հրթիռներ արձակող սարքերի ոչնչացման մարտավարության մշակմանը։
Կորպուսն ուղղակիորեն ենթարկվելու է ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբին, որն էլ հենց առաջադրանքներ է դնելու նրա առջև։ Կորպուսի ստեղծման պլանը մշակել է ՑԱԽԱԼ-ի Հյուսիսային օկրուգի նախկին հրամանատար, գեներալ Այզենկոտը։ Կորպուսի հրամանատար է նշանակվել 59-ամյա գեներալ Շայ Ավիտալը։