Եգիպտոսի Բարձրագույն զինվորական խորհրդի ներկայացուցիչ, գեներալ Ադել Իմարը դեկտեմբերի 19-ին հայտարարել է դավադրության բացահայտման մասին, որի մասնակիցները մտադիր էին հրկիզել երկրի խորհրդարանի շենքը:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, Իմարի խոսքերով, խորհրդարանի շենքը հրկիզելու մտադրությունն իրականացնելու էին ոչ միայն դավադիրները, այլ նաև «Թահրիր հրապարակի նրանց կողմնակիցները»:
Դավադրության բնույթի, նրա մասնակիցների և դրդապատճառների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում:
Գործակալության թղթակիցը, որն այդ պահին գտնվել է հրապարակում, հայտնել է, որ այնտեղ իրականում հավաքվել էր մի քանի հարյուր մարդ, սակայն նրանք չեն շարժվել դեպի խորհրդարան, այլ մասնակցել են ցուցարարներից մեկի հիշատակին նվիրված արարողությանը, որին սպանել էին զինվորականները:
Բարձրագույն զինվորական խորհրդի ներկայացուցիչները վերջին օրերին հաճախ են հայտնվում տեղական հեռուստատեսության եթերում՝ փորձելով զանգվածային ցույցերի մասնակիցներին համոզել հեռանալ իրենց տները: Նրանք, սակայն, մտադիր չեն դադարեցնել ցույցերը մինչև գեներալները չհրաժարվեն կառավարել երկիրը և իշխանությունը չփոխանցեն քաղաքացիական կառավարությանը:
Վերջին անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել էին չորս օր առաջ, Կահիրեում զոհվել է 11 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Բարձրագույն զինվորական խորհուրդը Եգիպտոսում իշխանության է եկել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության տապալումից հետո:
Սպասվում է, որ ընտրական փուլի ավարտից հետո զինվորականները իշխանությունը կհանձնեն քաղաքացիական կառավարությանը: Ընտրական փուլն ավարտվելու է 2012 թվականի հունիսի վերջին՝ նախագահի ընտրություններից հետո:










































