Անցնող տարում աշխարհում սպանվել է 106 լրագրող: Այս մասին ասվում է Press Emblem Campaign (PEC ) ոչ կառավարական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նրանցից 20-ը մահացել են «արաբական գարնան» իրադարձությունները լուսաբանելիս:
Համեմատելով այս ցուցանիշը անցյալ տարվա հետ, երբ սպանված լրագրողների թիվը 105 էր, կազմակերպությունը նշում է, որ այս բնագավառում «ոչ մի բարելավում չկա»:
Լրագրողների համար շարունակում են առավել վտանգավոր մնալ Մեքսիկան և Պակիստանը (հատկապես Աֆղանստանի հետ սահմանը), որտեղ ընթացիկ տարվա հունվարից սպանվել են՝ համապատասխանաբար 12 և 11 ԶԼՄ աշխատակիցներ: Ամենավտանգավոր երկրներից ցուցակի երրորդ հորիզոնականը կիսում են Իրաքը և Լիբիան, յուրաքանչյուրում գրանցվել է 7-ական մահվան դեպք: Ֆիլիպիններում, Բրազիլիայում և Հոնդուրասում անցնող տարում սպանվել է 6-ական լրագրող, Եմենում 5, Սոմալիում՝ 4, Աֆղանստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Պերուում, Ռուսաստանում՝ 3-ական:
«Սպանված լրագրողների երկու երրորդը, այսինքն՝ 70-ը կյանքից զրկվել են կանխամտածված դիտավորությամբ, հատկապես Լատինական Ամերիկայում: Մյուսները սպանվել են չկանխամտածված՝ ցույցերի, բախումների, ահաբեկչությունների և ականների պայթյունների հետևանքով»,- նշել է PEC-ի գլխավոր քարտուղար Բլեզ Լեմպենը:
Կազմակերպության տվյալներով, 2009թ. սպանվել են ռեկորդային թվով՝ 122 լրագրողներ, 2008թ.՝ 91, 2007թ.՝ 115:









































