Profiles in History աճուրդի տան կազմակերպիչը հայտնել է, որ Հոլիվուդի ամենահայտնի, ցանկալի և առեղծվածային դերասանուհի Մերիլին Մոնրոյի ամուսնական մատանին Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 516,5 հազար դոլարով: Այն 1999 թվականին վաճառքի էր հանվել նյույորքյան Christie’s աճուրդում, երբ ադամանդներից մեկը կորել էր: Այդ ժամանակ մատանին վաճառվել էր 772,5 հազար դոլարով:
36 ադամանդներով պլատինե մատանին դերասանուհուն նվիրել էր ամերիկացի հայտնի բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոն: Նրանք ամուսնացել են 1954 թվականի հունվարի 14-ին Սան Ֆրանցիսկոյում՝ ընդամենը երեք վկայի ներկայությամբ: Սակայն արարողությունից հետո նրանց դրսում սպասել է լրագրողների և լուսանկարիչների հոծ խումբը:
Այն հարցին, թե քանի երեխա կուզենան ունենալ, Մերիլինը պատասխանել է վեց, իսկ Ջոն` մեկ: Սակայն նրանց ամուսնությունը տևեց ընդամնեը ինը ամիս, իսկ Ամերիկայի առաջին գեղեցկուհին այդպես էլ մայր չդարձավ:
Զույգի բաժանման պատճառը հայտնի «թոչող» զգեստն էր՝ Բիլ Ուայդերի «Ցանկության յոթ տարի» (Seven Year Itch) կատակերգությունից: Դրվագը, երբ նյույորքյան մետրոյի օդափոխման համակարգից փչող օդը վեր է բարձրացնում դերասանուհու կիսաշրջազգեստը, Մերիլինին դարձնում է իր դարաշրջանի սեքս-խորհրդանիշ և զայրացնում նրա խանդոտ ամուսնուն: Նկարահանումներից երկու շաբաթ անց դերասանուհին ամուսնալուծության հայց է ներկայացնում:
Մոնրոն և Դի Մաջիոն հետագայում փորձել են հաշտվել, սակայն երկրորդ անգամ նրանց բաժանեց դերասանուհու մահը:





































