Թուրք Մեվլուդ Յրլդրզն իրենով է արել հայ մարմնավաճառ Լիանա Պետրոսյանի աղջկան` հայկական անվամբ, թուրքի ազգանվամբ և ռուսական հայրանունով իր կնոջ միջոցով: Երեք տարեկան Լուսինեն դեռ չի հասկանում, թե ինչպես է Թուրքիայի քաղաքացի դարձել, բայց հասկացողների համար երևույթը դատապարտելի ու զայրացնող է: Այն նաև հղի է շատ մեծ վտանգներով:
Ռուզաննա Սերգեյի Յրլդրզի գործով դատավարությունը մեկնարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մեզ դեռ հայտնի չէ` նա Հայաստանի Հանրապետությա՞ն քաղաքացի է, թե՞ Թուրքիայի, բայց հաշվի առնելով, որ տուն ունի Երևանի Բուզանդ փողոցում և հայկական անուն, կարելի է ենթադրել, որ նա մեր երկրի քաղաքացի է, պարզապես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ ամուսնացել է թուրք Մևլուդի հետ` կապը չկտրելով հայրենի «օջախի» հետ: Հենց էդ «օջախն» էլ կապ ունի Ռուզաննա Յրլդրզին առաջադրված մեղադրանքի հետ: Նա իր այդ «օջախը» վարձով տրամադրել է մարմնավաճառությամբ զբաղվող, մնալու տեղ չունեցող Լիանա Էդվարդի Պետրոսյանին, դե նա էլ հերթական «գործի» ժամանակ հղիացել է անհայտ հաճախորդներից մեկի հետ ունեցած սեռական հարաբերությունից, և Ռուզաննա Յրլդրզին ապագա երեխայի մոր` Լիանա Պետրոսյանի հետ միասին որոշել են երեխայի կյանքը պահպանել, ծննդաբերությունից հետո էլ` դաստիարակել ու մեծացնել:
Լիանա Պետրոսյանը ծննդաբերել է 2008-ի օգոստոսի 11-ին, և Ռ. Յրլդրզն անցել է իր սցենարի 2-րդ մասի իրականացմանը. երեխայի` Լուսինեի մոր հետ որոշել են, քանի դեռ վերջինս չունի մշտական բնակության վայր և եկամտի աղբյուր` նրա երեխային Ռուզաննա Յրլդրզը կտանի Թուրքիա, որտեղ ապրում է ամուսնու ընտանիքի հետ: 2009թ. հուլիսի 11-ին Լիանա Պետրոսյանը երեխայի հետ մեկնել է Թուրքիա` երեխային Ռուզաննա Յրլդրզի մոտ թողնելու նպատակով: Սակայն տեսնելով, որ մուտքի արտոնագրի մեկամսյա օրինական ժամկետի ընթացքում չեն հասցնում երեխայի համար ձեռք բերել նոր փաստաթղթեր` 2009թ. օգոստոսի 20-ին Լիանա Պետրոսյանը դստեր հետ վերադարձել է Երևան: 2010թ. հունվարի 16-ին Լիանան մեկուկես տարեկան Լուսինեի հետ կրկին մեկնել է Թուրքիա` Ռուզաննա Յրլդրզի մոտ և մեկ ամիս անց` փետրվարի 13-ին, միայնակ վերադարձել Երևան:
Ռուզաննա Յրլդրզը ամուսնու` Մևլուդ Յրլդրզի հետ Լիանա Պետրոսյանի դուստր Լուսինե Պետրոսյանին տարել են Թուրքիայի Քոնիա քաղաքի ՔԿԱԳ բաժին, ներկայացրել որպես իրենց դուստր և կեղծ փաստաթղթեր «դեմ տալով»` խնդրել են վերջինիս տրամադրել ծննդյան վկայական` Մելեկ Յրլդրզ անվամբ: Այնուհետև ակնհայտ կեղծ տվյալներով ձեռք բերված ծննդյան վկայականի հիման վրա երեխայի համար ստացել են Թուրքիայի քաղաքացու անձնագիր, որից հետո, Ռուզաննա Յրլդրզը Մելեկ Յրլդրզի հետ միասին այդ անձնագրով 2010թ. ապրիլի 26-ին մուտք են գործել Հայաստան և մոտ երկու շաբաթ անց մեկնել այստեղից, 12 օր անց կրկին եկել են Հայաստան, իսկ հուլիսի 3-ին մեկնել: Հաջորդ մուտքը մեր երկիր եղել է անցյալ տարի նոյեմբերի 29-ին, և այստեղից Ռուզաննան Լուսինեի հետ մեկնել է այս տարվա մարտի 20-ին: Իսկ 21.06.2011թ. նրանք Հայաստան են մուտք գործել Մելեկ Յըլդըզ անվամբ նախկին անձնագրի հիման վրա ստացված Թուրքիայի քաղաքացու անձնագրով: Այս անձնագի՞րն է կասկածելի թվացել հայրենի իրավապահ մարմիններին, թե՞ Լիանային է կասկածելի թվացել տանտիրուհու վերաբերմունքը, դեռ անհայտ է, սակայն հանցագործությունն ի վերջո բացահայտվել է:
Ռուզաննա Յրլդրզի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին` փաստաթղթեր կեղծելու, և 38-329-րդ հոդվածի 1-ին` պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներով: Դրանցից առաջին հոդվածի սանկցիան նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Երկրորդ հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Համենայնդեպս, հայ իրավապահներն այսքան մեղադրանքով սահմանափակվել են, իսկ Ռուզաննայի հանցակիցներին կամ հանցակցին, որին նա օժանդակել է փաստաթղթերը կեղծելիս, և որը օրինականացրել է երեխայի անձը հաստատող փաստաթուղթը, մեղադրանք չի առաջադրվել, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ նրանք Թուրքիայի քաղաքացիներ են, և անհաղթահարելի ուժ կա գործի քննությունն այդ ուղղությամբ շարունակելու համար: Բայց հետաքրքիր է, թե թուրքերի ինչի՞ն է պետք եղել` իրենց ուսերին վերցնել հայ մարմնավաճառի (որը 9 ամիս «ֆորմի մեջ» չի եղել` որպես մարմնավաճառ կայուն եկամուտ ապահովելու և վարձ տալու) երեխայի հոգսը և դատապարտվելու հեռանկարն աչքի տակ ունենալով` «որդեգրել» նրան: Եթե նպատակը ազնիվ լիներ` թուրքերը գոնե պետք է շահագրգռված լինեին երեխայի հորը ճանաչելու հարցում, որ նա, ինչպես նաև մայրը արատներ, հիվանդություններ չունենային, և իրենք առողջ երեխա որդեգրեին: Բայց եթե դա չի հետաքրքրել նրանց` կասկածելի է թվում երեխային իրենցով անելու նախաձեռնությունը, մանավանդ որ` գրեթե ամեն օր լսում ենք մանկապղծության դեպքերի մասին` անկախ երեխայի տարիքից, սեռից ու ազգությունից:
Բացի դա էլ գիտենք, որ թուրքերը բարոյականությամբ ուղղակի «փայլում են» և վերջին տասնամյակում հմտորեն օգտագործում հայ մարմնավաճառների «փայլուն» հնարավորությունները: Իսկ թե Մևլուդ Յրլդրզը` Ռուզաննայի որ հնարավորությունն է օգտագործել (և հակառակը) և ինչի համար` էդ էլ Ռուզաննան ու իր թուրք ամուսինը կիմանան: Բայց աշխարհի պատմության մեջ դեպքեր են հանդիպել, երբ մանկատան կամ վատ ու խոցելի ծնողներ ունեցող երեխաներին որդեգրել են ինչ-որ անձինք, փոխել նրանց անունները` որոշակի նպատակներով, հետագայում` արյունակից հարազատները (եթե եղել են) մոռացել են նրանց, բայց որդեգրող երկիրն այդ երեխաներին հետագայում ներգրավել է հատուկ ծառայություններում` հատուկ հանձնարարություններ կատարելու նպատակով: Բայց եղել են նաև դեպքեր, երբ առևանգած կամ որդեգրված (ինչը գաղտնի ընթացակարգով է արվում` օրինական կամ անօրինական) երեխաները օգտագործվում կամ դառնում են եկամտի աղբյուր: Նրանց շահագործում կամ, օրինակ, ծառայեցնում են որպես մարդու տրանսպլանտանտներ. անպատժելիորեն սպանում կամ վիրահատում` մարմնի օրգանները վաճառելու նպատակով…
«Ժամանակ»











































