«Ժողովուրդ»-ը գրում է. «Սմբատ Կարախանյանը, նախքան կպատասխաներ մեր այն հարցին, թե «Եդիանայա Ռոսիա»-ի օրինակով ՀՀ իշխանությունները ևս կվերարտադրվեն, հարկ համարեց ներկայացնել իրավիճակների տարբերությունները».
-Ռուսաստանի համար երեք խնդրահարույց հարցերը՝ բյուրոկրատիա, կոռուպցիա և ժողովրդի հոգնածություն այսպես կոչված «զրոյականներից»՝ 2000-ականների դեմքերից, որոնք համատարած ճահճացման պայմաններում միմյանց էին փոխանցում պաշտոնները, ծնեցին այն հուզումների ալիքը, որը պահանջում է փոփոխություններ: Դրանք կա՛մ պետք է լինեին հեղափոխության՝ ռևոլյուցիոն, կա՛մ էվոլյուցիոն ճանապարհով: Ընտրվեց վերջինը, և ստեղծվեց պուտինյան ճակատը, որի նախընտրական շտաբը հենց այդ պատճառով ղեկավարում է ոչ թե «Եդինայա Ռոսիա»-ի ինչ-որ մի կարկառուն դեմք, այլ Ստանիսլավ Գովորուխինը՝ «Վորոշիլովյան հրձիգ» և «Ասսա» ֆիլմերի ռեժիսորը: Ու հետևաբար, «Եդինայա Ռոսիա»-ի օրինակով դիմադրության պատճառները գիտակցող Պուտինի թիմն այս առումով Հայաստանի իշխանություններին միայն մեկ բան ունի ասելու՝ մի անգամ թողեք, թող ժողովուրդը հստակ ընտրություն անի: «Եվ այս առումով հայաստանյան մնացած ուժերի համար Ռուսաստանն ավելի հստակ է դառնալու և լինելու է հավասար հնարավորությունների դաշտ՝ անկախ նրանից՝ ընդդիմություն է, թե իշխանամետ:
-Բայց պարզ է, որ իշխանությունն էլի գնալու է կեղծիքների, և այդ դեպքում Ռուսաստանն ինչպե՞ս է պահելու:
-Կարող եմ ասել, որ այս անգամ Ռուսաստանն առավելագույն ձևով չի խառնվելու Հայաստանի ներքաղաքական կյանքին: Ռուսաստանը միայն մի հարցի է նայելու՝ շատ լավ հասկանալով, որ Հայաստանի ընտրություններում այս անգամ լինելու է ահռելի տեսակի և քանակի արևմտյան մասնակցություն: Եվ, իմիջիայլոց, այդ մասնակցությունն այս անգամ հիմնականում գնալու է օլիգարխիայի և իշխանական կառույցների միջոցով: Այս անգամ ստեղծվելու մի իրավիճակ, որ քրեաօլիգարխիկ շրջանակները, որոնք փոխարինել են պետական կառույցներին, փորձելու են առավելագույնս պոկել Հայաստանը Ռուսաստանից՝ բոլոր հնարավոր և անհնարին ձևերով:
Անսովոր թող չթվա, չնայած արդեն պարզ Է դառնում, որ այսօրվա դրությամբ հիմնականում այդ ներկայացվածությունը 50-50 է, այսինքն՝ եթե արևմտյան ուժերը ներկայացված են ընդդիմադիր դաշտում շատ ավելի վառ, ապա ղեկավարվող արևմտամետ ուժերը նույնչափ ներկայացված են իշխանությունում: Ռուսաստանը չի կարող Էս ամեն ինչը չտեսնել, գուցե ինչ-որ ռուսական կոռումպացված չինովնիկներ այդ մասին չասեն, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի ղեկավարությունը դա չի հասկանում:
-Այդ իրավիճակում հնարավո՞ր է, որ ՌԴ իշխանությունները Հայաստանի իշխանություններին պարտադրեն հնարավորինս շատ ռուսական ուղղվածության ուժԵր մտցնել Աժ՝ փորձելով հակակշռել:
-Դա բացառվում է: Բնական է, ռուսամետ գործիչները կարող են ավելի շատ օգտվել ռուսական ԶԼՄ-ների ռեսուրսներից, բայց այստեղ միայն այդ հարցը կարող Է լինել: Միակ նրբությունը Ռուսաստանի շահերն են, որ Հայաստանը, «տարբեր ասոցացված միությունների» մեջ մտնելով միանգամից չմտնի Թուրքիայի տակ: Այ, էս պրոբլեմին Ռուսաստանը կարող է իր հնարավորությունների սահմաններում դիմադրի: Մնացած ամեն ինչը՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ՀՀԿ, ԲՀԿ, վարչապետ, իրարից ռեսուրսներ խլել, վերջացրած իշխանություն-ՀԱԿ առճակատմամբ, այս հարցերում ՌԴ-ն պահելու է հավասար հեռացվածության քաղաքականություն:
Կարո՞ղ եք անուններով նշել այդ արևմտամետ օլիգարխներին:
-Հայաստանի ողջ օլիգարխիան՝ ինչքան Էլ իրեն վիզա չտան, ինչքան Էլ դերասանություն անեն: Որովհետև իրենց դոլարները ներդրված են արտասահմանյան արտարժույթի մեջ և արտասահմանյան բանկերում, և որոնց արևմուտքը պատասխանատվության չի կանչում ու բացահայտում: Այդ գումարների 94 տոկոսը գնում է Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Հունաստան, Կիպրոս և օֆշորային բանկեր:
Հիմա ՀՀԿ-ին կարելի՞ է դիտարկել որպես գլխավոր արևմտամետ ուժ:
-ՀՀԿ-ի մեջ, բնական է, շատ տարբեր մարդիկ կան: Եվ մյուս կողմից, քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում ստեղծել է մի իրավիճակ, երբ այդ քաղաքական ուժը՝ որպես գաղափարախոսություն, կորցրել է իր դերը, դարձել մանր ու միջին չինովնիկների և օլիգարխների մի հավաքածու, որն իշխանական ուժ է: Այնպես որ, որպես գլխավոր արևմտամետ ուժ՝ այսօր իշխանական ճամբարն է, վերցնենք հենց նախագահականը: Հիմա դրա անունը կարող ենք դնել հանրապետական, բայց մյուս կողմից, օրինակ, Վիգեն Սարգսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը, որը շատ արևմտամետ է, կամ կառավարությունը, կարելի՞ է անվանել ՀՀԿ:
-Ձեր ասածների համատեքստում կարելի՞ է հասկանալ ռուսական ազդեցության պաշտոնյաների հեռացումը ՀՀ ներքաղաքական դաշտից:
-Խոսքը, որքան հասկացա, Կարեն Կարապետյանների մասին է: Հստակ այսպես է. Հայաստանի իշխանությունները հանուն արևմուտքի գնում են զոհողությունների: Խոսքը թե՛ էլցանցերի, թե՛ ատոմակայանի, թե՛ կոմունիկացիաների մասին է: Ստեղ հարցը դրվում է այսպես, մենք անում ենք զոհողություններ, դուք գնահատե՛ք: Այսինքն՝ ՀՀ իշխանություններն առավելագույնս գնում են արևմտյան ուղղությամբ, և այն բազմավեկտորությունը, որ կար, հիմա ցույց են տալիս, որ կարելի է խախտել: Իսկ խախտում են, որ նրանց սիրտը շահեն, որ նրանք չգան, ասեն՝ դուք գող եք, ավազակ եք, ձեր գումարներն արտասահմանյան ակտիվներում են: Այդ մարդիկ իրենց բիզնեսն են շարունակում, որովհետև քաղաքականություն չկա, դա դարձել է բիզնես:











































