Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը մերժել է ՄԱԿ-ում Ռուսաստանի` Սիրիայի վերաբերյալ առաջարկած բանաձևը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Սակայն Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն դրական է ընդունել Մոսկվայի այդ նախաձեռնությունը: Ըստ նախարարի` այդ քայլը վկայում է ռուսական իշխանությունների՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ցանկության մասին:
«Ֆրանսիայի համար այս որոշումն ազդանշան է, որ Ռուսաստանը այսպես, թե այնպես որոշել է ընդունել, որ Սիրիայում իրավիճակը ծայրահեղ է»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բեռնարդ Վալերոն ԶԼՄ-ների հետ հադիպման ժամանակ: Ընդ որում՝ նա նշել է, որ բանաձևի նախագծի տեքստը լիովին չի համապատասխանում Սիրիայի իրավիճակին: Դրանից հետո նա լրագրողներին վստահեցրել էր, որ Ֆրանսիան պատրաստ է համագործակցել բոլոր կողմերին բավարարող որոշում գտնելու համար:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարությունները նույնպես հավանություն էին տվել ՌԴ իշխանությունների գործողությանը` նշելով ավելի խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին առաջարկել է Սիրիայի վերաբերյալ բանաձև, որով դատապարտում է հակամարտության մասնակիցների` ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ ընդդիմադիր շարժումների կողմից իրականացվող բռնությունը, ինչպես նաև անհանգստություն է հայտնվում Սիրիայի տարածք զենքի անօրինական մատակարարման կապակցությամբ: Բանաձևի տեքստում պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ խոսք չկա:
Սակայն բանաձևը Սիրիայի ընդդիմադիրների շրջանում այլ արձագանք է գտել: Հոմս քաղաքում հակակառավարական զանգվածային ցույցի մասնակիցները խոստացել են, որ Մոսկվան և ռուս առաջնորդները «զղջալու են այն բանի համար, ինչ անում են հիմա»: Ընդդիմության կարծիքով, այն չի դադարեցնի բռնությունը երկրում և չի լուծի ներքին քաղաքական ճգնաժամը:








































