«Երկիր»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։
-Հնարավո՞ր է, որ մինչ ընտրությունները կոալիցիան փլուզվի, հայտնվի այլընտրանքային ուժ…
-Դժվար է հիմա կանխատեսումներ անել, բոլոր դերակատարները դեռ քաղաքական դաշտում չեն։ Շատ վտանգավոր է, որ կոալիցիան ժողովրդի առջև ներկայացրած իր ճանապարհով չգնա։
-Այսինքն՝ կոալիցիայի փլուզումը ավելի կվատացնի դրությունը երկրում։
-Քաղաքական պայմանավորվածություններն իրենց սցենարներով ավելին են, քան այլ տիպի որևէ պայմանավորվածություն։ Որևէ շրջադարձի մասին խոսելն ավելորդ եմ համարում, քանի որ դրա քաղաքական հիմքերը չկան։
-Իսկ հնարավո՞ր է՝ միասնական ցուցակով գնաք։
-Քննարկում չի եղել, մենք առաջնորդվում ենք հուշագրով։ Մի ցուցակով կգնանք, թե ռազմավարությունը կլինի առանձին՝ տեխնիկական հարց է։
-Պրն. Սահակյան, ինչպե՞ս կգնահատեք ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի աշխատանքները:
-Նախ ասեմ, որ ՀԱԿ-ը տարվա ընթացքում պայքարեց մյուս ընդդիմադիրների դեմ: Բայց մի դրական բան կա ՀԱԿ-ի մեջ. միջազգային հանրությունը հասկացավ, որ Հայաստանում գունավոր հեղափոխության սցենար չի կարող գործել: Իսկ ՀԱԿ-ի ծրագրերը խափանվեցին ոչ թե մեր, այլ ժողովրդի միջոցով, մենք կարողացանք վտանգները մեզանից հեռացնել: Այսօրվա կառուցողական ընդդիմությունը ՀՅԴ-ն է: Եթե ՀՅԴ-ն քաղաքականությունից հեռանա, հայաստանյան քաղաքական դաշտը կիսատ կմնա: Սա այն կուսակցությունն է, որն իր հիմնական ընտրազանգվածն ունի: «Ժառանգությունը» վերջին շրջանում միտում ցույց տվեց, որ կարող է քաղաքականությամբ զբաղվել, բայց այդպես էլ չունեցան քաղաքականությամբ զբաղվող թիմ: Մեկ քաղաքական գործիչ ունեն` Րաֆֆի Հովհաննիսյանն է, նա էլ ԱԺ հազվադեպ է գալիս:
-Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանում հայտնվելու նրանց շանսերը, ՀԱԿ-ին լուրջ մրցակից համարո՞ւմ եք։
-Ժողովուրդը ՀԱԿ-ին լուրջ մրցակից չի դարձնի։ Չեմ կարծում, որ մեր ժողովուրդն ամբոխված տեսակետ ունի, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դեռ Ավարայրի ճակատամարտից սկսած՝ Մամիկոնյաններ-Վասակ Սյունիներ խնդիրն ունեցել ենք։
Վերադառնալով ՀՅԴ-ին և «Ժառանգությանը»՝ արդեն ասացի, որ ՀՅԴ-ն իր հիմնական ընտրազանգվածն ունի և, բնակաբար, ԱԺ կանցնի, այս տեսանկյունից «Ժառանգությանը» չի կարելի համեմատել ՀՅԴ-ի հետ։ ՀՅԴ-ն կառուցողական ընդդիմություն է, իսկ «Ժառանգությունը» ժամանակի շնչով է ապրում։










































