1770թ. այս օրը ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Լուդվիգ վան Բեթհովենը
Բեթհովենը կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև ընկած ժամանակաշրջանի արևմտաեվրոպական դասական երաժշտության առանցքային գործիչ է, ամենահայտնի և ամենակատարվող երգահաններից մեկը: Մոցարտի և Հայդնի հետ միասին համարվում է վիեննական դասական երաժիշտներից։ Ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական ժանրերում: «Ֆիդելիո» օպերայի, «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետի, երգչախմբային ստեղծագործությունների, երգերի հեղինակ է:
Նրա ժառանգության մեջ ամենակարևոր տեղն են զբաղեցնում գործիքային ստեղծագործությունները՝ սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, կոնցերտներ դաշնամուրի և ջութակի համար, լարային կվարտետներ, նախերգանքներ, սիմֆոնիաներ:
Բեթհովենը երաժշտական սկզբնական կրթությունը ստացել է հորից։ Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տնից։
Պատանի Բեթհովենը երաժշտական կրթությունը շարունակում է ժամանակի ճանաչված երաժիշտ-մանկավարժ Քրիստիան Նեֆեի մոտ։ Բեթհովենը սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1787-ին մեկնում է Վիեննա, որպեսզի Մոցարտին ներկայացնի իր գործերը։ Վերջինս, լսելով Բեթհովենի երաժշտությունը, ասում է.
«Ուշադրություն դարձրեք այս երիտասարդին, կգա ժամանակ, որ նրա մասին ամբողջ աշխարհը կխոսի»։
1792-ից երիտասարդ կոմպոզիտորը վերջնականապես հաստատվում է Վիեննայում, ուր ապրում է մինչև կյանքի վերջ։
Գրել է տարբեր ժանրերում, ունի 9 սիմֆոնիա, 11 ուվերտյուրա, 5 դաշնամուրային և 1 ջութակի կոնցերտներ, 32 դաշնամուրային սոնատներ, գործիքային անսամբլներ (կվարտետնետ և տրիոներ), մանրանվագային պիեսներ, երգեր, «Հանդիսավոր Մեսսան» և 1 օպերա ՝ «Ֆիդելիոն»։ Իր հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան» ցանկանում էր նվիրել Նապոլեոնին։ Բայց իմանալով, որ նա իրեն կայսր է հռչակել, ցասումով է լցվում։ Բեթհովենը պատռում է ընծայագիրը և սիմֆոնիան անվանում «Հերոսական»։
Բեթհովենը խուլ վիճակում արարում է երաժշտական արվեստի իր գլուխգործոցները՝ սիմֆոնիաները, «Ապասիոնատը», «Ֆիդելիո» օպերան, «Էգմոնտը», «Կորիոլան» և այլն։
Կոմպոզիտորի կյանքի վերջին շրջանին են պատկանում «Հանդիսավոր Մեսսան» և աշխարհահռչակ 9-րդ սիմֆոնիան։










































