Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ, Վրաստան այցելած Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինն այսօր հանդիպել է վրացական ընդդիմության առաջնորդների հետ։
Հանդիպման ժամանակ Ռուբինը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել վրացական քաղաքական դաշտում ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ի հայտ գալուն։
Վրաստանի «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի խոսքերով, հանդիպման ժամանակ Ռուբինը կարևոր իրադարձություն է որակել քաղաքական բեմում Իվանիշվիլիի հայտնվելը։ Ռուբինն ընդգծել է, որ հաշվի առնելով քաղաքական բեմում Իվանիշվիլիի գործոնի ի հայտ գալը՝ Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդար ու մրցունակ։
Վրացի ընդդիմադիրներն ընդգծում են, որ քաղաքականության մեջ Իվանիշվիլիի հայտնվելն արագացրել է 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հանդեպ ամերիկյան կողմի հետաքրքրությունը։






































