Դեկտեմբերի 14-ին` ժ. 07:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը, իր հանձնարարությունից հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, ապա իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին:
Վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք` աջ ակնագնդի ջնջխմամբ, վերին կոպի հեմատոմայի տեսքով:
Փաստի առթիվ ԼՂՀ Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից նախապատրաստած նյութերով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրօր-ի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով այսօր հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում տեղեկություն էր տարածել այն մասին, որ նախօրեին ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի հետևանքով երեկ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է այս տարվա գարնանային զորակոչին Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը:
Զինծառայողին այսօր այցելել էին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները, զրուցել զինվորի և նրա հարազատների հետ:








































