Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի ամենամոտ ընկերներից մեկը՝ Ավետիս Թևանյանը, հայտարարել է, որ հնարավոր է Ջոբսը դեռ ողջ լիներ, եթե նրա կամակորությունը չխանգարեր նրան ժամանակին բժշկի դիմել: Ինչպես հաղորդում է BBC-ն, Թևանյանը պատմել է, որ Ջոբսը երկար ժամանակ իրեն համոզում էր, որ կարող է ինքնուրույն հաղթահարել քաղցկեղը:
Ավետիս Թևանյանը եղել է Սթիվ Ջոբսի գործընկերը և մոտ ընկերը: Մինչև 2006թ.-ը նա ընկերությունում զբաղեցնում էր ծրագրային տեխնոլոգիաների հարցերով տնօրենի պաշտոնը:
Ավետիսյանը պատմել է, որ Ջոբսը շատ կասկածամիտ էր և չէր վստահում այլոց կարծիքին: Նրա խոսքերով, եթե թեկուզ մի փոքր կասկած կար, որ կարող է սխալ լինել այս կամ այն հարցում, Ջոբսը ճշմարտությունը փնտրելու փոխարեն, իրեն և շրջապատողներին համոզում էր իր ճշմարտացիությունը: Բնավորության այս գիծն օգնում էր Ջոբսին առաջ տանել սեփական նախաձեռնությունները:
Պատահում էր, որ նա նոր գաղափարներով գալիս էր Apple-ի աշխատակիցների մոտ և խնդրում իրականացնել իր տեխնոլոգիական երևակայությունները, պատմում է Թևանյանը: Հաճախ նրան պատասխանում էին. «Դա անհնար է»: Այդ ժամանակ Ջոբսը խոր շունչ էր քաշում և ասում. «Ես գիտեմ, որ անհնար է, բայց դուք ամեն դեպքում փորձեք»:
Թևանյանի խոսքերով, եթե չլինեին այդ «գլխից վեր թռիչքները», Apple-ի շատ սարքավորումներ այդպես էլ չէին ստեղծվի: Մի անգամ, սակայն, Ջոբսը սխալվեց, և դրա համար հատուցեց կյանքով:
8 տարի առաջ, երբ բժիշկներն ախտորոշեցին նրա հիվանդությունը՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, Ջոբսը հայտարարեց, որ վիրահատության չի գնա և սկսեց բուժվել ոչ ավանդական բժշկությամբ: Չնայած մերձավորների հորդորներին, նա իրենն էր պնդում, սակայն, ինչպես պարզվեց, նրա ընտրած բուժման տարբերակը արդյունավետ չէր:
2004թ. ի վերջո նա համաձայնեց վիրահատվել, սակայն արդեն ուշ էր. հիվանդությունն անվերահսկելի էր դարձել: Դա այն հազվագյուտ դեպքն էր, երբ Ջոբսը խոստովանեց սեփական սխալը: «Պետք էր շուտ վիրահատվել»,- ասել է նա:








































