«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
– Պարոն Դեմիրճյան, ինչպե՞ս եք գնահատում 2011 թվականը Հայաստանի համար, ինչպես նաև` Հայ ազգային կոնգրեսի գործունեության մեջ ձեռքբերումներն ու բացթողումները անցնող տարում:
– Ամենամեծ ցանկության դեպքում իսկ չի կարելի 2011 թվականը երկրի համար համարել ձեռքբերումների տարի: Ի՞նչ ձեռքբերումների մասին է խոսքը, եթե, ըստ պաշտոնական տվյալների, բնակչության մեկ երրորդը աղքատ է, երբ առհասարակ անցած չորս տարիների ընթացքում աղքատների թիվն ավելացել է 270,000-ով: Ժամանակին մեծ շուքով ընդունվեց Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր, հետո` Կայուն զարգացման ծրագիր, սակայն այսօր կարող ենք արձանագրել երկրում թե՛ աղքատության, թե՛ արտագաղթի, թե՛ գործազրկության, թե՛ սոցիալական բևեռացման, թե՛ երկրի արտաքին պարտքի աճ, բայց ոչ աղքատության հաղթահարում, կամ առավել ևս` կայուն զարգացում: Կոռուպցիայի դեմ պայքարը կրում է իմիտացիոն բնույթ, և այն չի տարածվում իշխանության բարձր օղակների վրա: Այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին մարտի 1-ի սպանդը իրականացնողները: Այնպես որ, վարչախումբը անցած տարիների ընթացքում շատ պարզորոշ ցույց տվեց, որ ունակ չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, և համաշխարհային ֆինանսական ճգնաժամը բացարձակապես չի կարող արդարացում համարվել այս վիճակի համար, թեև դրա ազդեցությունը մենք չենք թերագնահատում: Ակնհայտ է, որ հիմնական պատճառը ոչ կոմպետենտ և ոչ ազնիվ կառավարումն է:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմությունը, մասնավորապես` Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը անցած տարիների ընթացքում հետևողականորեն պայքարել են երկրում տիրող անօրինականությունների, կամայականությունների դեմ, քաղբանտարկյալների ազատ արձակման համար« սակայն ես այսօր չէի ուզենա խոսել ընդդիմության ձեռքբերումների մասին, քանի դեռ ընդդիմությունը չի հասել իր հռչակած գլխավոր նպատակի իրականացմանը` սահմանադրական կարգի հաստատմանը: Դրան պետք է ուղղված լինեն ընդդիմության ջանքերը նաև 2012 թվականին, ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի 2012 թվականը մեր երկրի համար բեկումնային դարձնելու համար:
– Ինչպե՞ս եք դարձնելու իրականություն այդ նպատակները. մասնակցելով հերթական խորհրդարանական ընտրությունների՞ն, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու:
– Եթե տեղի չեն ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա, անշուշտ, ընդդիմությունը պետք է մասնակցի և փորձի հաղթել ԱԺ հերթական ընտրություններում, ինչը համապատասխան աշխատանքի և ճիշտ մարտավարության դեպքում միանգամայն լուծելի խնդիր է: ԱԺ ընտրությունների արդյունքները բոլորովին էլ պետք չէ կանխորոշված համարել, ինչպես ներկայացնում և դեռ կշարունակի ներկայացնել իշխանական քարոզչամեքենան:
– Այդ ճիշտ մարտավարությունը նաև ենթադրում է իշխանական կուսակցությունների և մասնավորապես ԲՀԿ հետ համագործակցության հնարավորությո՞ւն:
– Այդ կապակցությամբ ես արդեն արտահայտվել եմ, և ստիպված եմ կրկնել` այդ համագործակցության մասին խոսակցությունները ավելորդ են, քանի դեռ ԲՀԿ-ն դուրս չի եկել կոալիցիայից և դարձել ընդդիմություն, և առհասարակ ընդդիմությունը իր գործունեությունը չպետք է պայմանավորի ներիշխանական հակասություններով, այլ պետք է ավելի ակտիվ աշխատի հասարակության հետ և նոր լիցք հաղորդի իր գործունեությանը:
– Ռուսաստանում էլ ընտրություններից առաջ թվում էր, թե իշխող «Եդինայա Ռոսիան» խնդիր չի ունենա ընտրություններում, և Ռուսաստանում «արաբական գարունը» բացառվում է: Սակայն այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանի հասարակության մեջ տրամադրություններ փոխվեցին` բողոքի ակցիաներ, ձերբակալություններ, ժողովրդական ընդվզումներ եղան: Պարոն Դեմիրճյան, Ռուսաստանում իրավիճակի փոփոխությունը կարո՞ղ է ազդել հայաստանյան քաղաքական զարգացումների վրա:
– Ինչ խոսք, քաղաքական գործընթացները Ռուսաստանում կարող են որոշակի ազդեցություն ունենալ նաև հայաստանյան ներքաղաքական իրավիճակի և հասարակական տրամադրությունների վրա: Սակայն այնքան պատճառ կա, և այդ մասին մենք մասամբ արդեն խոսեցինք, այս իշխանությունը փոխելու համար, որ լրացուցիչ դրսից ազդակների կարիք էլ չկա, և մեր հասարակությունը տարիներ շարունակ ցույց է տվել, որ չի հանդուրժում անարդարություններ և պայքարում է դրանց դեմ: Ես առհասարակ որևէ հիմնավոր պատճառ չեմ տեսնում նրա մեջ, թե ինչու պետք է մեր հասարակությունը հանդուրժի այն իշխանությանը, որն արհամարհում է իրեն, և որի գործունեության արդյունքը մի խումբ մարդկանց հարստացումն է, ինչը որևէ առնչություն չունի երկրի զարգացման հետ: Այս իշխանության գործունեության հետևանքով է, որ երկիրը դատարկվում է, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ հեռանկար է սպասվում մեր երկրին, եթե նման իշխանությունը վերարտադրվի:
Ընդդիմությունը ձգտում է հասնել իշխանափոխության` ընտրությունների միջոցով, որովհետև դա բխում է մեր երկրի շահերից, ժողովրդավարական երկրներում ընտրությունները կայունացնող գործոն են, դրանց միջոցով են հանգուցալուծվում ճգնաժամերը: Եվ ակնհայտ է, որ մեզ մոտ էլ արդար ընտրությունների անցկացումը կայունացնող ազդեցություն կունենա և նախադրյալներ կստեղծի երկրի զարգացման համար: Սա պետք է, ի վերջո, գիտակցեն իշխանությունները, չդիմեն կեղծիքների ու բռնությունների, չգնան առճակատման հասարակության հետ և չտանեն երկիրը նոր ցնցումների:










































