Մինչև տարեվերջ «Յունիբանկն» իր հաճախորդներին կառաջարկի «Մագնիս» արտոնությունների ծրագիրը, որի շնորհիվ քարտապաններն ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս` ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան բոնուսներ և զեղչեր:
Մասնակցությունը արտոնությունների ծրագրին «Յունիբանկի» հաճախորդներին հնարավորություն կտա էապես կրճատելու իրենց առօրյա ծախսերը, քանի որ ծրագրում ընդգրկված են գործընկեր կազմակերպություններ բոլոր ոլորտներից (խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, բժշկական, տուրիստական կազմակերպություններ, կրթական հաստատություններ, մարզական և ժամանցային ակումբներ):
Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված Magnis նշանը:
Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առևտրային կետերում զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս բանկի քարտապանները կարող են ստանալ զեղչ կամ բոնուս, որի չափը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից:
«Յունիբանկն» իր հերթին բոնուսներ կշնորհի բանկային ծառայություններից օգտվելու և ծրագրում ակտիվ մասնակցության համար: Կուտակված բոնուսները հաճախորդները կարող են ծախսել որպես սովորական դրամ: Ցանկության դեպքում բոնուսները կարելի է նվիրել ծրագրի այլ մասնակցի` նրա քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
«Մագնիս» ծրագրի մասնակից դառնալու և արտոնություններից օգտվելու համար բանկի հաճախորդներին հարկ չկա ձեռքբերել հատուկ քարտ: Զեղչերը և բոնուսները կտրամադրվեն «Յունիբանկի» Visa քարտով վճարումներ կատարելիս:
Թողարկված քարտերի քանակով «Յունիբանկը» ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է: Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկի քարտերի քանակը կազմել է ավելի քան 81 հազար:
«Յունիբանկի» քարտերի օգտագործման հարմարավետությունն ապահովվում է քարտային սպասարկման արդյունավետ համակարգով, բանկոմատների և վճարային տերմինալների լայն ցանցի առկայությամբ:
Ներկայում «Յունիբանկի» սեփական ցանցը ներառում է 82 բանկոմատ և 607 POS- տերմինալ:








































