Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ երեկ Անկարայում տեղի է ունեցել բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) նիստը, որը դրանից առաջ հետաձգվել էր 21 օր առաջ վարչապետ Էրդողանի վիրահատության ենթարկվելու պատճառով։
YAŞ-ի նիստը միանձնյա գլխավորել է հենց Էրդողանը, նիստին մասնակցել են նաև պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ցամաքային զորքերի հրամանատար Հայրի Քըվրըքօղլուն, ռազմածովային ուժերի հրամանատար Էմին Մուրաթ Բիլգելը, ռազմաօդային ուժերի հրամանատար Մեհմեթ Էրթենը, ժանդարմերիայի հրամանատար Բեքիր Քալյոնջուն և այլ գեներալներ ու ծովակալներ։
Նիստում քննարկվել են ներքին անվտանգությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ նաև ահաբեկչության (PKK) դեմ պայքարը։ Քննարկվել են նաև սիրիական զարգացումները։ Նիստում կարևորվել է երկրի զինված ուժերը մարտական պատրաստվածության բերելը։
Հիշեցնենք, որ առաջին անգամ են YAŞ-ի նիստի օրակարգում ընդգրկվում տարածաշրջանային խնդիրներ։






































