Այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում տեղի ունեցավ հանդիպում հայ գործարարների և Հոնկոնգի գործարար, Ընկերությունների համաշխարհային խմբի (the Global Group of Companies) նախագահ Ջոնի Հոնի, վերջինիս ուղեկցող Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի միջև:
«Պատիվ եմ ունեցել գտնվել Արցախում, այնտեղից դուրս շարունակում ենք վերականգնողական կենտրոնի աշխատանքը: Հույս ունեմ, որ կունենանք մեծ ներդրումներ Ձեր երկրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ք. Քոքսը՝ նշելով, որ Հայաստան է բերել իր լավ ընկերոջը: Նրա խոսքով, Չինաստանի Հոնկոնգ քաղաքից գործարարը ճանաչողական այց է կատարում ՀՀ, որպեսզի կարողանա պարզել, թե որոնք են այն ոլորտները և վայրերը, որտեղ կարելի է ներդրումներ ներգրավել Ասիայից:
Ջ. Հոնը փաստեց, որ չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է. «Նպատակ ունեմ լավ ներդրումային հնարավորություններ գտնել այստեղ»:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, հանդիպման օրակարգում է երկարաժամկետ ներդրումների հարցի քննարկումը. «Քանի որ լուրջ կառույց է, հույս ունենք, որ կկարողանանք հետաքրքրել հանքարդյունաբերության, բանկային և հեռահաղորդակցության ոլորտներով և փոքրիկ կամուրջ գցել Հոնկոնգի ու Հայաստանի միջև՝ ՀՀ տնտեսության զարգացման տեմպերը մի փոքր ավելացնելու նպատակով»:






































