Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ, Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական ասամբլեան (ԹՊԽԱ) մշակում է համաթյուրքական լեզվի և այբուբենի օրինագիծը։ Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է ԹՊԽԱ-ի գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովը։
Վերջինս նշել է. «Թյուրքալեզու պետությունների խորհրդարանականների կարծիքը հաշվի առնելով՝ համաթյուրքական լեզվի ու այբուբենի ստեղծումը պետք է ձևակերպվի օրինագծի տեսքով։ Եթե մինչև հաջորդ տարվա հունիս ԹՊԽԱ-ի հանձնաժողովը կարողանա միացյալ փաստաթղթով ներկայացնել իր առաջարկները, ապա այդ հարցը կարող է դրվել ԹՊԽԱ-ի նիստի քննարկմանը, որը 2012 թվականին կայանալու է Բիշքեկում։
Խոսքը թյուրքալեզու որևէ երկրի կողմից սեփական լեզվին ու այբուբենին հրաժեշտ տալու մասին չէ։ Յուրաքանչյուր երկիր իր այբուբենի հետ մեկտեղ կարող է գործածել նաև ընդհանուր այբուբենը։ Համաթյուրքական այբուբենը կարող է ստեղծվել բոլոր թյուրքալեզու երկրների այբուբենների ընդհանուր տառերի հիման վրա»։
Հիշեցնենք, որ ԹՊԽԱ-ն ստեղծվել է 2009 թվականին, Բաքվում։











































