2011 թ. դեկտեմբերի 10-ին Սևրում կայացել է Արևմտահայերի երրորդ համագումարը, որին ներկա են եղել նախկին Օսմանյան կայսրության և հայ քաղաքացիների ժառանգները` Ֆրանսիայից, Եգիպտոսից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, ՀՀ-ից և Ռուսաստանից: Մինչդեռ 2011-ի նոյեմբերի 25-27-ը Փարիզում արդեն իսկ տեղի էր ունեցել Արևմտյան Հայաստանի 4-րդ համագումարը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը ներկայացրեց 2012-2013 թթ. կայանալիք Արևմտահայերի ազգային համագումարի առաջնահերթ նպատակը, ըստ որի` մշակելու են այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կընձեռեն պաշտպանել արևմտահայերի շահերն ու ոտնահարված իրավունքները: Ախոյանի խոսքով, հայությունն այժմ ունի նոր հնարավորություններ` պայքարելու ընդհատված Հայոց հարցի արդարացի լուծման համար:
«Մենք չենք ասում` սա ամենակատարյալն է, բայց կոչ ենք անում մնացածին հավաքվել, որովհետև բոլորիս նպատակը նույնն է»,- կոչ արեց պատգամավորը` հավելելով, որ համագումարն արտահայտում է մեծ համայնքների կարծիքը` Ամերիկա, Կանադա, ՀՀ, Ռուսաստան, Լիբանան և այլն: Նրա խոսքերով, բոլորիս նպատակը մեկն է, ճանապարհներն են տարբեր:
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահան Մելքոնյանն էլ նշեց, որ վերջին հարյուր տարվա ընթացքում հայությունն այդպես էլ չի կարողացել ձևավորվել որպես համաշխարհային համահայկական գործոն, սփյուռքը չի միավորվում, սփյուռքում կան բազմաթիվ կազմակերպություններ: «Այս համագումարից պահանջել, որ այն կներկայացնի ամբողջ արևմտահայության շահերը, լուրջ չէ: Սա հասկանում են նաև սփյուռքահայերը: Սա մեր գործունեության առաջին քայլն է, նպատակը. աշխատանքի ճանապարհին բազմաթիվ այլ համայնքներ և գործիչներ կմիավորվեն այս շարժմանը»,- նշեց Մելքոնյանը:
Նա նաև նշեց, որ Արևմտահայերի 3-րդ համագումարի կազմակերպման անհրաժեշտությունն առաջացավ նորանկախ Հայաստանի պայմաններում: 2006-ի դեկտեմբերից իր գործունեությունն է ծավալել Արևմտահայերի երրորդ համագումարի նախապատրաստման և անցկացման միջազգային կազմակերպման կոմիտեն: Դրա հետ կապված 12 նիստ է կայացել` Ֆրանսիայում, Հայաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, կազմակերպվել են գիտաժողովներ: «Գաղտնիք չէ, որ վերջին 90 տարիներին սփյուռքում արևմտահայերի շահերը ներկայացնող մարմիններ չեն ձևավորվել, և սա շատ կարևոր և այժմեական խնդիր է»,- նկատեց նա:
Ի դեպ, համագումարի ընթացքում ձևավորվել են տարածաշրջանի պատասխանատուներ, ովքեր մինչև հունվարի 21-ը նախագահությանը կներկայացնեն իրենց առաջարկները: Դրանք մի քանի ամիսների ծրագիր են, իսկ 2012-13 թթ. ծրագիրն արդեն իսկ պատրաստ է:
Սակայն այս համագումարը որևէ կապ չունի 2011-ի նոյեմբերի 25-27-ը Փարիզում արդեն իսկ տեղի ունեցած Արևմտյան Հայաստանի 4-րդ համագումարի հետ:
Ֆրանսիայում Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի անդամ Արմենակ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք չեն մասնակցել համագումարին, որովհետև մասնակցել այդ համագումարին` նշանակում է որևէ կերպ հաստատել այդ տեսակ ժողովի գոյությունը, իրենց անգամ համագումարի օրակարգի մասին չեն տեղեկացրել:
«Կա Արևմտյան Հայաստանի հայերի հարցը և կան արևմտահայերի խնդիրները, մեր խնդիրը արևմտահայերի խնդիրները, իրավունքները բարձրաձայնելն է, բացի այդ, մենք մեզ չենք ներկայացնում Թուրքիայի փոքրամասնություն, մենք բնիկ ժողովուրդ ենք և բնիկ իրավունքների վրա ենք միավորված»,- նշեց Արմենակ Աբրահամյանը` ավելացնելով, որ իրենց խնդիրը քաղաքական ուժերի հետ համագործակցելն է, և ոչ թե արևմտահայերի հետ խորհուրդ ստեղծելը, քանի որ արդեն խորհուրդը կար. «Իմաստ չեմ տեսնում ուրիշ տեսակ ազգային խորհուրդ ստեղծելու, դրա համար կարևոր է տարբեր քաղաքական ուժեր միանան խորհրդի հետ»:
Նրա խոսքերով, այսօր իրենց պահանջը հայերի ցեղասպանության ճանաչումն է, ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչը, նրա խոսքերով, լուրջ տարբերություն է:







































