Սևանի անտառներում սոճիներ են հատվում Ամանորին իրացնելու նպատակով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Սևանի բնապահպանական տեսչության պետի նախկին տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը`խոսելով Սևանի ազգային պարկի հիմնախնդիրների շուրջ:
Նա տեղեկացրեց, որ Սևանի անտառներում գերակշռողը երկու տեսակի ծառերն են` սոճի և բարդի: «Սոճին ՀՀ ամենաարժեքավոր ծառատեսակն է` 15-25 մետր բարձրությամբ: Կտրվող անտառների 60 տոկոսը կազմում է բարդի ծառատեսակը»,- նշեց Հ. Մարտիրոսյանը` հավելելով, որ ամեն տարի ներքին համաձայնությամբ սոճիներ են կտրվում, որոնք հետագայում իրացվում են: Նա պնդեց, որ սխալ են այն հայտարարությունները, թե սոճիները բերվում են Վրաստանից: Նրա համոզմամբ, գոյություն ունի ներքին պայմանավորվածություն, որի համաձայն հատվում են սոճիները:
Անդրադառնալով Սևանի ազգային պարկի այլ խնդիրներին` Հ. Մարտիրոսյանն ասաց, որ ծառահատումները Սևանում համատարած բնույթ են կրում: Ըստ նրա` անցյալ տարի շուրջ 1200 հա մաքուր անտառ է կտրվել, իսկ այս տարվա տվյալները դեռ հայտնի չեն: «Այսօր այդ անտառները մի քանիսը կտրում և գումարները յուրացնում են: 1200 հա անտառից ամենամինիմալ հաշվարկներով ստացել են 30,5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ յուրացվել է»,- մեկնաբանեց Հ. Մարտիրոսյանը`հավելելով, որ ընդամենը մի քանի միլիոնի վճարներ են իրականացրել:
Մեկ այլ խնդիր է, որի մասին խոսեց Հ. Մարտիրոսյանը, մաքրման աշխատանքներն են, որոնք չեն իրականացվում: Նրա փաստմամբ, բյուջեից գումար է դուրս գրվում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, սակայն ոչինչ չի արվում: «Շուրջ 120 մլն դրամ, իմ հաշվարկներով, շորթվել է մաքրման աշխատանքների հաշվին»,- ասաց Հ. Մարտիրոսյանը` հավելելով, որ հասարակությունն անգամ գաղափար չունի, թե ինչ է կատարվում Սևանի ազգային պարկում:










































