Թուրք-ադրբեջանական էքսպանսիան սպառնում է Վրաստանի հարավին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը` խոսելով Վրաստանի թրքացման միտումների մասին:
Փորձագետը մեկնաբանեց իր տեսակետը` ասելով, որ դրա համար կան մի շարք պատճառներ. դրանցից է Բաքու-Թբիլիսի գազամուղի բացումը: Վ. Սարգսյանը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանում իրականացնում են բազմաոլորտ գործունեություն:
«Ժամ առ ժամ մեծանում են ադրբեջանական ժողովրդագրական տվյալները: Որոշ ժամանակ անց ականատեսը կլինենք այն բանի, Վրաստանը կարժանանա Կոսովոյի ճակատագրին»,- ասաց փորձագետը` ենթադրելով, որ վրացիները հավանաբար ծանոթ չեն թուրքերի գործելակերպին. որտեղ ` թուրք, այնտեղ` թալան, մշակույթի ոչնչացում:
Փորձագետի համոզմամբ` նույնը սպառնում է Ջավախքին, որտեղ նույնպես ձևավորվելու է թուրքական հզոր գործոն:
«Եթե Վրաստանը շարունակի այս քաղաքականությունը, կարծում եմ` հարավի անջատումը կլինի անխուսափելի և կործանարար և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար»,- մեկնաբանեց Վ. Սարգսյանը` հավելելով, որ Վրաստանը քարտեզի վրայից հնարավոր է` չանհետանա, բայց չի լինի այսօրվա պետությունը:
Անդրադառնալով պատճառներին` փորձագետը նշեց, որ Վրաստանը կամ ի զորու չէ դիմակայել ճնշումներին, կամ կաշառված է:









































