Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո տեղի ունեցած ցույցերը դրսից կազմակերպված չեն եղել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ պատասխանելով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի մեղադրանքներին, թե իբր Քլինթոնն «ազդանշան է տվել» Ռուսաստանի ներսում որոշ գործիչների ակտիվ աշխատանքների համար:
«Մեզ համար ամենակարևոր արժեքներից մեկն է մարդու իրավունքների պաշտպանությունը և աջակցությունը ժողովրդավարությանը: Ընտրությունները ժողովրդավարության միակ բաղկացուցիչ մասը չեն, դրանք ինքնատիպ պայմաններ են դրա (ժողովրդավարության.-1in.am) իրականացման և հաջող զարգացման համար… Մենք միշտ հստակ հայտարարում ենք, թե ինչին է ԱՄՆ-ը աջակցում, այս անգամ նույնպես արտահայտվեցինք՝ ինչի են արժանի ռուսները»,- PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Քլինթոնը՝ հավելելով, որ անկախ դիտորդները եկել են այն եզրակացության, ընտրությունների ժամանակ մեծ թվով խախտումներ են եղել:
Նա նշել է, որ այսօր Ռուսաստանն աշխարհում ամենաբարձր կրթական մակարդակ ունեցող երկրներից մեկն է, որն ունի աճող միջին խավ: Հետևաբար, նրա կարծիքով, «այդ ամենը դրսից չի եկել, դա տեղի է ունեցել ներսում»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի վարչաետ Վլադիմիր Պուտինն ուղղակիորեն մեղադրեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Ռուսաստանի տարածքում բողոքի ակցիաներ հրահրելու մեջ:









































