2011 թվականը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար եղել է հագեցած ու տոնական: Նշվել է նվագախմբի 85-ամյակը, ֆիլհարմոնիկը մասնակցել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Մինչև տարեվերջ նվագախումը կունենա 4 համերգ: Դեկտեմբերի 16-ին Ֆիլհարմոնիկը կներկայացնի բրիտանական երաժշտության համերգ: Համերգը նվիրված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին` «Ֆիլհարմոնիկի մեծ բարեկամին»: Այս մասին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Նրա խոսքով`դեսպանն իր աշխատանքային գործունեության ընթացքում միշտ եղել է իրենց կողքին: «Հիմա նա մեկնում է, և ուզեցինք համերգը նվիրել նրան: Դրա համար էլ այդ օրը կնվագենք բրիտանական երաժշտություն, մասնավորապես՝ Գուստով Հոլսթի «Մոլորակներ» սյուիտը, որը պատմում է 7 մոլորակների մասին»,- տեղեկացրեց դիրիժորը` հավելելով, որ Հոլսթը ստեղծագործությունը գրել է 1916 թ., երբ դեռ Պլուտոնը հայտնաբերված չէր:
«1930 թ., երբ մոլորակը հայտնաբերվել է, նա (Հոլսթը.- 1in.am) դեռ կենդանի է եղել, ուզել է Պլուտոնն էլ գրել, բայց չգիտեմ, թե ինչ պատճառով չի գրել: Ուրախ եմ, որ նրա «Մոլորակները» Հայաստանում հնչելու է, որովհետև այն շատ հանրահայտ սիմֆոնիկ ստեղծագործություն է»,- ասաց Է. Թոփչյանը` հավելելով, որ համակարգչային գրաֆիկայով հագեցած սյուիտի երաժշտությունը շատ հասանելի, էմոցիոնալ, գեղեցիկ ու միստիկ է:
«Մոլորակների» ռեժիսորը նկարիչ Անդրանիկ Սուքիասյանն է:
Դեկտեմբերի 21-ին և 25-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Պ. Չայկովսկու «Շչելկունչիկը» (ռեժ ու նկարիչ` Ա. Սուքիասյան):
«Ուզում ենք ամեն տարի Ամանորին նվագել «Շչելկունչիկը», քանի որ այն Սուրբ Ծննդի ու Նոր տարվա մասին է»,- նշեց դիրիժորը:
Դեկտեմբերի 24-ին կտրվի ամփոփիչ գալա համերգ` նվիրված ՀՊՖՆ-ի 85-ամյակին: Համերգին որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որը կկատարի Բեթհովենի կոնցերտը:
«Այս պահին, դեռ հաստատված չէ, բայց շեփորահար Սերգեյ Նակարյակովը պետք է գա, և Կոնստանտին Լիվշիցը: Նրանք 10-15 րոպեանոց փայլուն ստեղծագործություններ կկատարեն»,- ուրախությամբ հայտնեց դիրիժորը` կատակով ավելացնելով, թե հուսով են, որ «մի քիչ էլ պաշտոնյաներ կլինեն՝ գոնե մի օր»:











































