ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով այսօր մեկնել էր Շիրակի մարզ: Նախարարը Գյումրիում աշխատանքային քննարկում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը հանդիպումներ է ունեցել Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի պրոֆեսորադասախոսական կազմերի և գիտական խորհուրդների հետ:
Ամփոփելով կրթության և գիտության համակարգում 2011 թվականի կատարած աշխատանքները և դրանք գնահատելով դրական` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի ոլորտում նոր նշաձող է սահմանվում և հաղթահարվում այն:
Նախարարի խոսքով` չնայած այս տարի դպրոցների շրջանավարտներ չունենալու պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ծագած դժվարություններին, բուհերի աշխպատանք, ընդհանուր առմամբ, արդյունավետ է եղել:
Նախարարը կարևորել է կրթական ոլորտի բարեփոխումների շարունակականությունը, ընդգծելով, որ գերակա խնդիր է բուհերի միջև մրցակցության խթանումն ու ֆինանսավորման նոր գործիքների ներդրումը: Հաջորդ տարվա գլխավոր մարտահրավերներից նախարարը կարևորել է միջբուհական մրցակցային միջավայրի բարելավումը:
Ա. Աշոտյանը անդրադարձել է նաև պետական հավատարմագման գործընթացին և շեշտել, որ այն հետագայում բուհերին պետական պատվերով տեղեր հատկացնելու գլխավոր նախապայմանն է հանդիսանալու:
Ա. Աշոտյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ընթացող «Համաշխարհային տնտեսության փոփոխման միտումները և Հայաստանի մարտահրավերները»թեմայով հանրապետական գիտաժողովին:
Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաև մարզում գործող ավագ դպրոցների տնօրենների հետ և քննարկել հանրակրթության ոլորտում որակի ապահովմանը միտված բարեփոխումների ընթացքը:
Նախարարը նշել է, որ մինչև 2018թ. դպրոցներում կդասավանդեն միայն բարձրագույն մասնագիտական կրթությամբ մանկավարժները: Հանդիպման ընթացքում տնօրենները ներկայացրել են առաջարկներ կրթության ոլորտի տեղերում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկվել են նաև աշխատանքային ընթացիկ հարցեր:








































