Վերջին շրջանում հաճախակիացել են հօգուտ Ադրբեջանի կատարված լրտեսության մեղադրանքով քրեական գործերը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում լրտեսության ևս մեկ գործ է հայտնվել: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված նյութերի` Թուրքիա մեկնած հայ քաղաքացիներին ադրբեջանական հատուկ ծառայությունները «դարձրել են» պետական դավաճաններ:
Մնացական Մարտիրոսյանի վարույթում գտնվող մի գործից, որի դատաքննությունը մեկնարկել է դեկտեմբերի 13-ին, տեղեկանում ենք, որ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության միանգամից 6 քաղաքացիներ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Երևանի Նորք-Մարաշ համայնքի բնակիչ Կարեն Մեհրաբյանը այս տարվա սկզբներին, գտնվելով Թուրքիայում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում, և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Ըստ մեղադրանքի` Կարեն Մեհրաբյանին հավաքագրել են ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներ ոմն Տիգրան և Վարդան, որոնցից Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ` ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու վերաբերյալ:
Հայի անուններով ադրբեջանական հետախույզներին մասնավորապես հետաքրքրել են ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ ինֆորմացիաները: Վերադառնալով Հայաստան` Կ. Մեհրաբյանը ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն: Ճգնել է վեց ամիս, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ և գործընթացին ներգրավել Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների: 6 ամսվա ընթացքում հասցրել է որոշակի տեղեկատվություն հավաքել և ամռանը` հուլիսի 23-ին, երբ փորձել է հավաքած տեղեկատվությունը տանել Թուրքիա, բռնվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից` հայ-վրացական սահմանը հատելիս:
Ռոմիկ Մաթևոսյանը ավելի վաղ` 4 տարի առաջ է նույն սցենարով հայտնվել այս ցանցում. քրգործի նյութերի համաձայն` նա 2007 թ. մեկնել է Թուրքիա, որտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության հետ: Վերջինս էլ Ռոմիկ Մաթևոսյանին ծանոթացրել է որպես իր ազգական ներկայացած` Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից Տիգրան անունով անձնավորության հետ: Այդպես էլ ադրբեջանցի Տիգրանը հավաքագրել է Ռ. Մաթևոսյանին և հանձնարարել` Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած հայ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հարմար անձանց, ովքեր կարող են պաշտպանության ոլորտին վերաբերող գաղտնի տեղեկություններ հայթայթել: Վերադառնալով Հայաստան` Մաթևոսյանը ևս փորձել է տեղեկություններ հայթայթել համապատասխան զինծառայողներից:
Գործով անցնող երրորդ մեղադրյալը` Աշոտ Չտրկյանը, ըստ քրգործի նյութերի, նույն երկրում, նույն ուժերի տեսադաշտում է հայտնվել իր ընկերոջ` Կարեն Մեհրաբյանի միջամտությամբ ու առաջարկով. Ա. Չտրկյանը մեկնել է Թուրքիա, որտեղ ծանոթացել է վերոնշյալ Տիգրանի և Սայիդի հետ և, իմանալով, որ Կ. Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, ինքը ևս ցանկացել է գումար աշխատել և այդ նպատակով իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է Կ. Մեհրաբյանին` կատարելու ստացած առաջադրանքները: Նրան մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանությանը օժանդակելու (քր.օր-ի 38-299 հոդված), իսկ առաջին երկուսին` պետական դավաճանության (299 հոդված) համար, որը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը:
Հաջորդ երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Ըստ քրգործի նյութերի` Կարեն Պետրոսյանը «հանցագործության» մասին իմացել է իր նախկին գործընկեր Կ. Մեհրաբյանից, սակայն հասկանալով, որ խոսքը պետական դավաճանության մասին է` չի հայտնել իրավապահներին: Նույն ձևով Կարեն Մեհրաբյանի այդ գործունեությունից տուժել են նրա կնոջ քեռու երկու որդիները` Արթուր և Դավիթ Ավետիքյանները: Նրանք ևս այս տարվա ամռանը իմացել են Կարենի` Թուրքիայի հայերեն խոսող ծանոթների և նրանց հետաքրքրությունների մասին, սակայն չեն հայտնել իրավապահներին: Նրանց արարքը որակվել է ՀՀ քր. օր.-ի 335 հոդվածի 1-ին մասով և նախատեսում է պատիժ` տուգանք նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Վերջին շրջանում նման դեպքերի հաճախակիացումը երկու բան կարող է նշանակել. կամ ադրբեջանական ուժերն են ակտիվացել` օգտվելով հայաստանյան ճգնաժամի ճիրաններից Թուրքիա գնացող հայերի ծառայություններից` ստիպելով աշխատել նաև ՀՀ ԱԱ ծառայությանը, կամ պարզապես այժմ ավելի շատ են բարձրաձայնում այդ երևույթի մասին: Բայց երկու դեպքում էլ այն չափազանց անհանգստացնող է. եթե հաշվի առնենք, թե տարեկան քանի հայ է Թուրքիա մեկնում գործնական կամ այլ նպատակներով, և եթե դրա նույնիսկ մեկ տոկոսն այս սցենարով սկսի աշխատել Հայաստանի դեմ, դժվար կլինի պատկերացնել մեր վիճակը:
Եվ եթե այս դեպքում ռազմական նշանակության տեղեկությունները փնտրվում են քիչ թե շատ շարքային քաղաքացիների միջոցով, ապա ինչ կլինի, եթե ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք տիրապետում են պետական, ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների, հանկարծ իրենց հանգիստն անցկացնելիս հայտնվեն հայերեն լեզվին տիրապետող ադրբեջանցի հետախույզների ցանցում: Ո՞վ է երաշխավորելու նրանց և պետական գաղտնիքի անվտանգությունը մի երկրում, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ: Ազգային անվտանգության հայեցակարգը ի՞նչ պարտավորություններ է նախատեսում երկիրը ժամանակավորապես կամ մշտապես լքող նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների համար և արդյոք նախատեսո՞ւմ է…
Եվ այս անհանգստությունը դեռ Թուրքիայի հետ փակ սահմանի պարագայում է, իսկ եթե բացվի այն, ի՞նչ ենք անելու: Գուցե ժամանակն է, որ ԱԱԾ-ը շատ լուրջ դրույթներ նախատեսի Թուրքիա մեկնողների համար և հակահետախուզական լուրջ գործունեություն ծավալի այդ գործընթացը հսկողության տակ պահելու համար, քանի որ առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական ծառայությունները ակտիվանում են երրորդ երկրում: Հիշենք Մելիք-Շահնազարյանի դեմ մահափորձ արած թուրք Արշակին, որը այստեղ դատապարտվելուց հետո հետագայում փախուստի դիմեց բանտից: Նրա ծնողներից մեկը հայ էր, երկար ժամանակ ապրել էր Հայաստանում, սակայն դա չէր խանգարել, որ Թուրքիայում որոշակի պատրաստություն անցնելուց հետո հայ քաղաքական գործչի ընտանիքի դեմ մահափորձ անի:
«Ժամանակ»











































