Լրագրող Զոհրաբ Հարոյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Չինական հիմար ֆիլմեր կան, որ հերոսը սովորում է ուսուցչի մոտ, հավատում նրան ու մի օր պարզվում է` հենց ուսուցիչը դեմ է գնում իր սովորեցրած սկզբունքներին: Հերոսը խճճվում է, հիասթափվում, զարմանում, շփոթվում:
Լեոնիդ Պարֆյոնովին երբեք իրականում չեմ տեսել, երբեք չեմ շփվել, բայց հենց նա եղավ պատճառը, որ մի օր որոշեցի լրագրող դառնալ: Այդ ժամանակ դեռ Հայաստանում НТВ-ն հեռարձակվում էր ու Պարֆը հերթական տարին էր ամփոփում իր հեղինակային «Նամեդնի» ծրագրով: Մինչև այսօր բառ առ բառ հիշում եմ Կինո խմբի լիդեր Վիկտոր Ցոյի մահվան մասին դրվագը, երբ երգչի մահից հետո ընկերները թողարկել էին նրա վերջին երգերի հավաքածուն, որ «Սև ալբոմ» կոչվեց: Պարզ, հանճարեղ ու առանց ավելորդ, անգրագետ պաթոսի՝ լիքը դահլիճ, դատարկ բեմ, Կինո խումբ, ֆանագրամմա… Այլևս ոչ մի բառ պետք չէր:
Հետո պարզվեց, որ միայն ես չեմ Պարֆյոնովի «վկա», իմ շրջապատում շատ ու շատ նրան հետեւող լրագրողներ կան: Պարֆյոնովի դպրոցը ոչ միայն НТВ-ցիները անցան, այլ հավանաբար ողջ նախկին խորհրդային միության պետությունների հեռուստալրագրողները: Պարֆյոնովը իսկական հեռուստաբուրժուա է, կամ ավելի ճիշտ՝ էր:
Արդեն մեկ-երկու օր է, ինչ Լեոնիդ Պարֆյոնովը ինձ համար լրագրող չէ: Բոլոտնայա փողոցի հանրահավաքից հետո Պարֆյոնովը դարձավ քաղաքական գործիչ: Լրագրությունը աշխարհի ամենալիբերալ մասնագիտությունն է և լրագրողը երբեք կողմ կամ դեմ չի կարող դառնալ: Թեկուզ նույն այդ լրագրողը դեմ է կաշկանդված, վախեցած ու հիասթափված հեռուստալրագրությանը: Գուցե, չէ, հաստատ, Պարֆյոնովը ճիշտ է ասում ընտրակեղծիքների, սուտ ասելու մասնագիտության ու հեռուստատեսության հոգեվարքի մասին, բայց խնդիրը ճիշտ և սխալ ասելու մեջ չէ:
Մենք Լեոնիդ Պարֆյոնովին կորցրինք որպես լրագրող: Լրագրողի հարթակը տեսախցիկն է, ոչ թե հանրահավաքի ամբիոնը: Կորցրինք հանճարեղ, կիրթ, պրոֆեսիոնալ լրագրողի, գտանք՝ քաղաքական գործչի, որին չենք ճանաչում:










































