Այսօր` դեկտեմբերի 13-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Մովսես Խորենացի» մեդալ հանձնեց բարերար Վարդ Ալեքսանյանին (Եգիպտոս) և հայագետ, մանկավարժ Հակոբ Չոլաքյանին (Սիրիա):
«Ամբողջ տարվա ընթացքում գնահատականներ են տրվել նրանց, ովքեր ՀՀ անկախության 20 տարիների ընթացքում հայապահպանության կարևորագույն գործում զգալի ներդրում են ունեցել: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Սերժ Սարգսյանը 44 հայորդիների այս տարի պարգևատրեց տարբեր մեդալներով: Այսօր էլ Վարդ Ալեքսանյանի և Հակոբ Չոլաքյանի հերթն է: Մեր երկու հայրենակիցներն էլ իրենց համայնքների շունչն են, հոգին, մարդիկ, որոնցով կարելի է հպարտանալ:
Վարդ Ալեքսանյանը իր գործունեությամբ, իր բիզնեսով նպաստել է մեր համայնքի բարեկեցությանը: Նա իր ակտիվությունն ու գործունեությունը նվիրաբերել է Համահայկական խաղերին: Վարդ Ալեքսանյանը խոշոր ու շատ կարգին հայրենասեր մարդ է: Նրա հետ շփվելիս հաճույք ես զգում վերջինիս հումանիզմից և բարեսրտությունից: Նա իր կյանքը նվիրել է հային և Հայաստանին: Հայրենիքից դուրս հայ մնալը հերոսություն է, հայրենիքից դուրս հայրենասիրությունն ու հայրենիքին ծառայելը ` խիզախություն:
Հակոբ Չոլաքյանը մեր հայկական դպրության, հայ գրի ամենաերախտավորն է: Նա մեծ հայ ուսուցիչ է, մարդ, որն իր կյանքը նվիրաբերել է հայ դպրոցին և հայ երեխաներին: Նա փայլուն ուսուցիչ է , փայլուն մարդ, և մեզանից շատերը կերազեին նրան աշակերտել: Ես հպարտ եմ, որ նրա ժամանակակիցն եմ, շփվում եմ նրա հետ:
Ուրախ եմ, որ մեր հայտնի հայ մտավորականը Սերժ Սարգսյանի հրամանագրով մեդալի արժանացավ»,- ամփոփեց Հրանուշ Հակոբյանը:
«Մովսես Խորենացի» մեդալներով պարգևատրված հայորդիները երախտագիտություն հայտնեցին իրենց ավանդը գնահատելու համար` պատրաստակամություն հայտնելով շարունակել իրենց հայրենանվեր առաքելությունը:









































