Դեկտեմբերի 11-ի երեկոյան Swedbank-ի լատվիական մասնաճյուղի ներդրողները զանգվածաբար սկսել են իրենց գումարները հանել՝ վախենալով բանկի հետագա խնդիրներից:
Ինչպես հայտնում է КоммерсантЪ թերթը, այսօր առավոտյան հաճախորդները Swedbank-ի մասնաճյուղից հանել են ավելի քան 24 միլիոն լատ (48 միլիոն դոլար), որը կազմում է բանկի բոլոր ավանդների մոտ 2 տոկոսը:
Ինչպես հայտնել են սկանդինավյան բանկի լատվիական դուստր ընկերության ղեկավարները, ներդրողների շրջանում խուճապ է առաջացրել կարճ հաղորդագրությունը, որն ուղարկվել էր Լատվիայի անհայտ բնակիչների կողմից և պարունակում էր տեղեկություն այն մասին, որ իբր Swedbank-ում խնդիրներ կան:
Բանկը արդեն դիմել է ոստիկանություն` խնդրելով գտնել մեղավորներին: Swedbank-ի մամուլի ծառայությունը, ինչպես նաև Ֆինանսների և կապիտալի հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել, որում վստահեցնում էր, որ բանկում խնդիրներ չկան և այն աշխատում է բնականոն ռեժիմով:
Միևնույն ժամանակ, Լատվիայի Swedbank-ի բանկոմատներում վերջացել է փողը: Երեկոյան բանկոմատների մոտ հերթեր են գոյացել:
Նշենք, որ Swedbank-ը 319 մասնաճյուղ ունի Շվեդիայում, 215՝ Բալթյան երկրներում: Բանկը նաև 9,8 միլիոն հաճախորդ ունի՝ ֆիզիկական անձանց և 631 հազար՝ իրավաբանական անձանց շրջանում:








































