Արցախի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Մարտունու շրջան և երկրորդ պաշտպանական շրջանի զինավաններից մեկում մասնակցել նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահն ընդգծել է, որ դպրոցաշինությունը, հատկապես զորամասերում, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարևոր ուղղություններից մեկն է, և պետությունը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին:
Նախագահ Սահակյանն այցելել է նաև Մարտունի քաղաքում տեղակայված «Լուսակերտ» ՍՊԸ թռչնաֆաբրիկա և ծանոթացել նրա աշխատանքներին:
Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է նաև 3-րդ պաշտպանական շրջանում նոր զորամասի բացմանը:
Այնուհետև Բակո Սահակյանն ուղևորվել է Մուշկապատ և Հաղորտի գյուղեր, որտեղ հանդիպում է ունեցել բնակչության հետ և քննարկել առկա խնդիրները: Նախագահը նշել է, որ առկա ներուժի օպտիմալ օգտագործումը հանդիսանում է բազմաթիվ խնդիրների լուծման գրավականը և այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լուրջ աշխատանք` ինչպես տեղական, այնպես էլ շրջանային կառավարման օղակներում:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին մի շարք խնդիրների լուծման կապակցությամբ:
Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










































