«Տոտենհեմ»-ի եզրային պաշտպան Բենուա Ասսու – Էկուոտոն բացատրել է, թե ինչու է խաղում տարբեր գույնի խաղակոշիկներով և բացահայտել է իր սանրվածքի գաղտնիքը:
Ասսու-Էկուոտոն Անգլիայի Պրեմիեր լիգայի վառ ներկայացուցիչներից մեկն է: Նրա «աֆրո» ոճի սանրվածքին այժմ ավելացել է նաև տարբեր գույնի խաղակոշիկներով մարզադաշտ դուրս գալու սովորությունը: Սակայն դա մյուս խաղացողներից տարբերվելու նպատակ չի հետապնդում, պատճառը շատ ավելի հասարակ է:
«Ես երկու զույգ խաղակոշիկ եմ գնել` 1 զույգը կապույտ, մյուսը` սպիտակ: Բայց երեք օրից խաղակոշիկներից մեկը պատռվեց: Իսկ քանի որ ես հովանավոր չունեմ, չեմ պատրաստվում դեն նետել զույգի մյուս խաղակոշիկը. չէ՞ որ այն լրիվ նոր է: Այնպես որ, ես վերցրել եմ ամեն զույգից մեկ խաղակոշիկ և այդպես էլ խաղում եմ»:
«Եթե ազնիվ լինեմ, իմ սանրվածքն այսպիսին է, որովհետև Անգլիայում շատ ցուրտ է, և ես այդքան էլ չեմ ցանկանում գնալ վարսավիրի մոտ: Իսկ ամենակարևորն այն է, որ ես շատ ծույլ եմ: Այնպես որ, խաղում եմ այնպես, ինչպես կամ»,- Բենուային մեջբերում է Daily Mirror-ը:







































