Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարի օգնական Ալի Բաղերիին,- տեղեկացնում է Trend-ը` հղում կատարելով թուրքական Hurriyet-ին:
Բաղերին տեղեկացրել է դեկտեմբերի 6-7-ը Ժնևում Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ անդամ 5 երկրներ և Գերմանիա) միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասին: Հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե ցանկանում է, որ Իրանի միջուկային խնդիրը լուծվի դիվանագիտական մեթոդներով: Նրա խոսքով, Թուրքիան բավարարված է Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների մեկնարկով:
Բանակցությունների նոր փուլը կկայանա հունվարին Ստամբուլում, որի մասին որոշում է կայացվել դեկտեմբերի 6-7-ը Ժնևում կայացած բանակցություններում: