Մարդու իրավունքների պաշտպանության համար պետք է ունենալ անկախ դատական համակարգ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ տնօրեն Արման Դանիելյանը`խոսելով մարդու իրավունքների շուրջ:
Նա տեղեկացրեց, որ տարբեր երկրներում մարդը կարող է դիմել դատարան և վերականգնել իր ոտնահարված իրավունքները: «Ամենակարևոր գործոնը արդար դատական համակարգն է, որը որ այսօր թերի է աշխատում: Ակնհայտ ոլորտներ կան, որոնց մասին շատ է խոսվում. դա բանակն է, ոստիկանությունը, սեփականության իրավունքն է»,- նշեց Ա. Դանիելյանը:
Նա ընդգծեց, որ մասսայականության տեսանկյունից աշխատանքային իրավունքն է ամենակարևորներից մեկը, որին քչերն են ուշադրություն դարձնում:








































