The Rolling Stones խմբի մասնակիցներ վոկալիստ Միք Ջագգերը և Քիթ Ռիչարդսը փակելու են բլյուզ երաժիշտ Հյուբերտ Սամլինի հուղարկավորության ծախսերը:
Ինչպես հայտնում է Noise 11-ը՝ վկայակոչելով երաժշտի ներկայացուցիչներին, «ռոլինգներն» իրենք են պահանջել, որ ամբողջությամբ իրենց վրա վերցնեն հուղարկավորման ծախսերը:
Հյուբերտ Սամլինը մահացել էր դեկտեմբերի 4-ին սրտի անբավարարությունից: Նա ճանաչում է ձեռք բերել որպես Հաուլին Վուլֆի խմբի կիթառահար: Rolling Stone ամսագրի կազմած աշխարհի 100 լավագույն կիթառիստների ցուցակում զբաղեցրել է 43-րդ տեղը:
Rolling Stones-ի անդամները բազմիցս ասել են, որ Հյուբերտ Սամլինը մեծ ազդեցություն է թողել իրենց ստեղծագործության վրա: 2004 թվականին Քիթ Ռիչարդսը մասնակցել է Սամլինի About Them Shoes ալբոմի ձայնագրություններին:
Հուղարկավորությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին:







































