Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2011թ. Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգի արդյունքում, որն անցկացվել է հուլիսի 1-ից հոկտեմբերի 15-ը, 10 մարզերի պաշտոնական կայքերից լավագույնը ճանաչվել է Կոտայքի մարզպետարանինը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ինչ վերաբերում է մարզպետարանների կայքերին, ապա դրանք, ըստ նրա, ունեն ընդհանուր դիզայն ու կառուցվածք, և ցուցանիշները գրեթե նույնն են, քանզի մեկ ցանցով միացված են տարածքային կառավարման նախարարության կայքին:
Նրա խոսքով` ի տարբերություն նախորդ մոնիտորինգի, որն անցկացվել էր այս տարվա փետրվարի 1-ից ապրիլի 30-ը, երկրորդ փուլի արդյունքներով մարզպետարաններն անխտիր բարելավել են իրենց ցուցանիշները, և փոխվել է առաջատարը:
«Եթե առաջին փուլից հետո լավագույն ցուցանիշներ էր ցույց տվել Արմավիրի կայքը, ապա երկրորդ հետազոտության արդյունքով առաջատարը Կոտայքի մարզպետարանի կայքն է, նրան հաջորդում է Սյունիքի մարզպետարանի կայքը: Արմավիրը հայտնվել է երրորդ հորիզոնականում»,- նշեց նա:









































