Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակն էր հայության կրոնադավանական հատվածների ազգային ինքնության պահպանման և միջդավանական համերաշխության ապահովման միջոցների քննարկումը:
Այն կազմակերպել էին սփյուռքի նախարարությունը, «Հիքսոս» հիմնադրամը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ հայության դավանության խնդիրն անմիջապես առնչվում է Սփյուռքի անվտանգության խնդիրներին, քանի որ այլադավան հայերի մի ստվար զանգված բնակվում է ՀՀ և ԼՂՀ տարածքներից դուրս:
Ապա անդրադարձավ կրոնական պատկանելության պատճառով տեղի ունեցած սպանություններին և խտրականություններին:
«Ամեն տարի աշխարհում մոտ 100 միլիոն քրիստոնյա , 35 միլիոն մահմեդական են ենթարկվում խտրական վերաբերմունքի, և 105 հազար քրիստոնյա ու 35 հազար մահմեդական զոհվում են իրենց կրոնական պատկանելության պատճառով»:
Անդրադառնալով կրոնական կազմակերպություններին` ՀՀ կառավարության աշխատակազմի և ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանը նշեց` այժմ Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որոնց մեծ մասը կաթոլիկներն ու բողոքականներն են:







































