Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ 2011թ. սկզբին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն էր թարգմանվել Զինված ուժերի ժողովրդական վերահսկողության ժնևյան կենտրոնի կողմից պատրաստված «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկը: Այդ ձեռնարկի հիման վրա ՀՀ զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներդրվելու է «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց: Որպես այդ դասընթացի նախապատրաստական փուլ` ՀՀ պաշտպանության նախարարություն-ԵԱՀԿ երևանյան գրասենյակ-քաղաքացիական հասարակություն եռակողմ արդյունավետ համագործակցության շրջանակում ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի բոլոր զորամիավորումներում, ռազմական ոստիկանությունում և ռազմաուսումնական հաստատություններում անցկացվում են «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով դասախոսություն-քննարկումներ:
Քննարկումներն անցկացնում են «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետները, իսկ ծրագիրը ֆինանսավորվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Դեկտեմբերի 8-ին դասախոսություն-քննարկում տեղի ունեցավ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում, որին ներկա էին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները:









































