«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ «Ժառանգություն» կուսակցության ներկայիս նախագահ, Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսից ստացել է «Ժառանգության»` դիտորդի կարգավիճակով Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցությունը խորհրդանշող ԵԺԿ կրծքանշանը:
Պաշտոնական որոշումը կկայացվի 2012թ. փետրվարին:
Այս կարևորագույն իրադարձության մասին հայտարարվել է Մարսելում կայացած ԵԺԿ 20-րդ համագումարում այդ կուսակցության նախագահի ելույթում:
Հովհաննիսյանն առանձնազրույցներ է ունեցել Մարթենսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի նախագահ Իրժի Բուզեկի, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, եվրոպական մի շարք երկրների նախագահների, վարչապետների, պատգամավորների և ԵԺԿ ղեկավարների հետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները նույնպես դիմել են ԵԺԿ-ին` այդ կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով անդամակցելու համար: