Բաշար Ասադին սատարող սիրիահայերի ապագան վտանգված է այնքանով, որքանով նախագահի` անուղղակիորեն նշանակում է նաև հայերի դեմ, պայքարում են իսլամամետ ուժերը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Պետք է պատրաստ լինել, որ կարող են ստեղծվել այնպիսի իրավիճակներ, երբ Մերձավոր Արևելքի երկրների հայ համայնքները ստիպված կլինեն գաղթել այդ երկրներից: Այս պարագայում անհրաժեշտ է, որ ՀՀ-ն որպես պաշտպան հանդես գա աշխարհի բոլոր հայ համայնքների համար, իսկ հայերն էլ իմանան, որ հայրենիքը կանգնած է իրենց թիկունքում: Սա կարևոր է ոչ միայն հայերի, այլ նաև այն երկրների համար, ուր ապրում են մեր հայրենակիցները»,- նկատեց նա:
Անդրադառնալով սիրիահայ համայնքի ապագային` թուրքագետն ընդգծեց, որ զանգվածային կոտորածների, քրիստոնյաների հանդեպ բռնությունների վտանգ ավելի շուտ տեսնում է այդ երկրում հնարովի քաոսային պայմաններում:
«Սիրիայում քաղաքացիական հասարակություն չկա, ինչի պայմաններում մարդու իրավունքների խնդիրները կարող են լուծվել ծայրահեղ իսլամական հիմքերի վրա: Եթե սրան ավելացնենք Թուրքիայի դիրքերի ուժեղացումը, ապա իրավիճակն առավել է բարդանում: Հատկանշական է, որ Արաբական աշխարհում տեղի է ունենում սուննիականության դիրքերի ամրապնդում: Խոսքը Սիրիայում իշխող` սուննիների կողմից օտար և շիա ուղղության հետևորդներ համարվող ալևիներին իշխանությունից հեռացնելու մասին է»,- բացատրեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Խոսելով իրանահայ համայնքի մասին` բանախոսը նկատեց, որ նրանց թիվը գնալով պակասում է:
«Իրանի դեպքում հայերը լքում են այդ երկիրը` գնալով ոչ թե տարածաշրջանային երկրներ, ինչպես սովորաբար լինում է Մերձավոր Արևելքի երկրների հայ համայնքների ներկայացուցիչների դեպքում, այլ նրանք գերադասում են գաղթել դեպի Արևմուտք: Միաժամանակ հայերի վիճակը իրավական առումով Իրանում միշտ ապահով կլինի»,- ամփոփեց թուրքագետը:









































