Հայաստանի իշխող համակարգի հակասությունները շարունակում են լինել ներքաղաքական կյանքի այն կարմիր թելը, որ անցնում է գրեթե բոլոր գործընթացներով: Երբ փորձենք ուշադրություն դարձնել այդ գործընթացների տարբեր վեկտորներին և տարբեր բաղադրիչներին, ապա ակնհայտորեն կտեսնենք, որ ելակետայինը այդ հակասություններն են, որոնք ընդհանուր առմամբ բնորոշվում են որպես ՀՀԿ-ԲՀԿ կամ Քոչարյան-Սարգսյան լարվածություն, բայց իրականում այդ հակասությունները շատ ավելի բազմաճյուղ են և բազմաշերտ:
Միայն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությամբ կամ նախկին նախագահ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փոխհարաբերություններով չէ, որ պայմանավորված է ներիշխանական հակասությունների կծիկը: Բանն այն է, որ բավական լուրջ հակասություններ և հակադրություններ կան նաև ՀՀԿ շարքերում, նաև նախագահի նստավայրի և ՀՀԿ միջև, ինչը պարզապես դեռևս չի ստացել լայն դրսևորում: Բանն այն է, որ այդ հակասությունները, թերևս, հաջորդ փուլին են սպասում, երբ ՀՀԿ-ԲՀԿ տիրույթը վերջնականապես կստանա իր հանգուցալուծումը: Իշխանությունն առայժմ ավելի շատ ռեսուրս չունի, որ կարողանա մի քանի ճակատով նույն ինտենսիվությամբ զարգացումներ ապահովել և դրանք տանել հանգուցալուծման: Իրականում, սակայն, ներհհկ-ական, կամ, այսպես ասած, նախագահի նստավայրի և ՀՀԿ միջև հակասությունները շատ ավելի սուր են լինելու, քան ԲՀԿ-ՀՀԿ կամ Քոչարյան-Սարգսյան հակասությունը:
Խնդիրն այն է, որ այդ ամենը պայմանավորված է իշխանության հարցով, իշխանություն ձևավորելու անհրաժեշտությամբ: Իսկ բուն իշխանությունը ՀՀԿ-ն է, այսինքն` այն, ինչ հավաքված է ՀՀԿ-ում: ԲՀԿ-ն իշխանությանը կից օղակ է, կից է դառնում նաև Քոչարյանը, իսկ բուն խնդիրը մնում է ՀՀԿ-ում կենտրոնացված: Այնտեղ են օլիգարխները, այնտեղ են թաղային և քրեական հեղինակությունները, այնտեղ է չինովնիկական ապարատը, այնտեղ են բոլորը, և հետևաբար իշխանության հարցը լուծելու համար այնտեղ պետք է լուծվի բոլորի հարցը: Մյուս կողմից` իշխանության մի ռեալ մաս անխուսափելիորեն կենտրոնացված է նախագահի նստավայրում: Դա չէր կարող չլինել: Եվ ակնհայտ է, որ այդ նստավայրում կենտրոնացված մասի մի զգալի մասն այսօր այնքան էլ չի կարելի միանշանակ համարել ՀՀԿ-ի մաս: Պատահական չէ, որ կադրային լուծումներից շատերը անակնկալի են բերում նաև հենց Հանրապետականին: Իշխանության հարցը պետք է լուծվի հենց այստեղ և այս կառույցի վերափոխումով: Խնդիրը միայն որակական վերափոխումը չէ, այլ պարզապես վերափոխումը կադրերի և անունների իմաստով՝ ովքեր են դերակատարում ունենալու այս կուսակցությունում, ովքեր են լինելու այս կուսակցության առաջին դեմքերը:
Այս իմաստով, օրինակ, Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հակադրությունը խորքային առումով պակաս կարևոր չէ, քան, ասենք, ՀՀԿ-ԲՀԿ-ն կամ Քոչարյան-Սարգսյանը: Նույն կերպ, կարևոր են ՀՀԿ հետ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հարաբերությունները, քանի որ Մինասյանն ակնհայտորեն հավակնում է լուրջ դերակատարում ունենալ իշխանության մեջ, առավել ընդլայնել իր ներկայիս դերակատարությունը, և այդ տեսանկյունից էական է դառնում նաև նրա ազդեցությունը ՀՀԿ վրա: Այդ տեսանկյունից էր, Միքայել Մինասյանը ՀՀԿ հանդեպ արդեն իսկ տարել երկու կարևոր հաղթանակ. մեկ հասնելով նրան, որ Կարեն Կարապետյանը դուրս եկավ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, և մեկ էլ հասնելով նրան, որ ստանձնեց ՀՀԿ նախընտրական շտաբում Հովիկ Աբրահամյանի «ռեվիզորի» դերը:
Այս ամենը, թերևս, բավական է` պատկերացնելու համար, որ ներիշխանական հակասությունների «սիրտը» կամ հենց իշխանական լեզվով ասած` «օջախը» ՀՀԿ-ում է, և այստեղ են սպասվում գլխավոր զարգացումները, էական և հանգուցային զարգացումները: Պարզապես դրանք տեղի չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ չեն հանգուցալուծվել հարակից գործոնների հետ կապված խնդիրները: Թեև հավանական է նաև, որ առանց «օջախի» խնդիրը լուծելու, Սերժ Սարգսյանին չհաջողվի լուծել հարակից գործոնների հարցը, որովհետև այդ գործոնները մշտապես օգտագործելու են ՀՀԿ մեջ եղած հակադրությունները հօգուտ իրենց ինքնապաշտպանության: Այստեղ, իհարկե, օգտագործումը փոխադարձ է, և մեծ հաշվով, անշուշտ, տեսական է դատողությունը, թե առաջին հերթին որը հանգուցալուծելով է հնարավոր հասնել մյուսի հաղթահարմանը:
Շատ բան հիշեցնում է հավի ու ձվի պատմությունը՝ նախ ՀՀԿ հարցե՞րը լուծել, որ լուծվեն հարակից հարցերը, թե՞ նախ հարակից հարցերը լուծել, որ ՀՀԿ ներսում նվազի մանևրների հնարավորությունը: Բայց բոլոր դեպքերում պարզ է, որ հարցը երկուստեք լուծում է պահանջում, և որևէ տեղ կիսատ թողնելու պարագայում պետք է արձանագրել, որ լուծում չի եղել ոչ մի տեղ: Սակայն այդպիսի տարբերակն էլ հնարավոր չէ: Պարզապես այդ դեպքում տարբերակն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը երկուստեք չի լուծում այդ հարցերը, ապա հաստատ կգտնվի մեկը, և գուցե նույնիսկ երկուսը, որ կլուծեն Սերժ Սարգսյանի հարցը կամ կլուծեն իշխանության հարցն առանց Սերժ Սարգսյանի: Սարգսյանն, անկասկած, գիտակցում է այդ ամենը, ինչը վկայում են նրա գործողությունները: Այնպես որ, ներիշխանական գլխավոր ճակատամարտն անխուսափելի է:








































