CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Քյուրեջիքի բազայում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայումն «ուղղված չէ» որևէ երկրի դեմ.
«Այդ ՌՏԿ-ն պաշտպանական համակարգի տարր է և ոչ թե հարձակողական։ Հետևաբար, այն «չի կարող» ուղղված լինել որևէ մեկի դեմ։ Տվյալ ՌՏԿ-ն օգտագործելու է ՆԱՏՕ-ն, սակայն դրա ղեկավարմանը պետք է մասնակցեն նաև թուրք զինվորականները»։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 14-ին Թուրքիան և ԱՄՆ-ը Անկարայում հուշագիր են ստորագրել Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տեղակայման մասին, որի որոշումը կայացվել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ համաժողովում: ՌՏԿ-ն տեղակայվելու է Թուրքիայի Մալաթիա նահանգի Քյուրեջիք վայրում` թուրք-իրանական սահմանից 540-700 կիլոմետր հեռավորության վրա:
Այս հուշագրի կնքումից առաջ և հետո Իրանն ու Ռուսաստանը քանիցս արտահայտել են դրա հետ կապված իրենց մտահոգությունները՝ Թուրքիային կոչ անելով հրաժարվել ՌՏԿ-ի տեղակայումից։









































