ԱՄՆ հետախուզության պնդումները, թե Հյուսիսային Կորեան ստեղծում է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, անհանգստացրել են մի շարք կոնգրեսականների: Այս մասին հայտնում է Washington Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում իր աղբյուրին:
Պարբերականի փոխանցմամբ՝ հրթիռը նախատեսված է ԱՄՆ տարածքում թիրախների ոչնչացման համար։ Այն հնարավոր է հեշտությամբ թաքցնել ռադիոտեղորոշիչներից:
Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի մասին խոսվել է նոյեմբերին Կոնգրեսի փակ ճեպազրույցի ժամանակ և բարձրաձայնվել ստորին պալատի հինգ հանրապետական օրենսդիրների` ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետային ուղղված նամակի շնորհիվ:
Պարբերականը նշում է, որ նամակում մատնանշված չէ, թե որ երկրին են պատկանում հրթիռների մշակումները: Սակայն նամակում հղում կա Պենտագոնի նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսի՝ հունիսին կատարած հայտարարությանն այն մասին, որ «Հյուսիսային Կորեան ստեղծման պահից վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար»:
Մնացած բոլորը «վախերը» կառուցվում են ենթադրությունների վրա:
Փորձագետների մի մասը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռները տեղակայված են Ճապոնական ծովի ափամերձ տարածքներում, իսկ մյուսները համարում են, որ նոր հրթիռների մշակումը կատարվում է երկրի արևմտյան ափին: Washington Times-ը նաև հիշեցնում է, որ Չինաստանը վերջերս տեղակայել է երկու նոր միջմայրցամաքային DF-31 և DF-31A հրթիռներ, իսկ նախկինում հրթիռային տեխնոլոգիաներով օգնում էր Հյուսիսային Կորեային, այսինքն՝ նմանատիպ օգնություն կարող է կրկին ցուցաբերվել:
ԱՄՆ կոնգրեսականները չեն մեկնաբանում այս լուրերը, իսկ պաշտոնական անձինք վարչակազմում ընդունում են, որ հետախուզության վերլուծաբանների մոտ «տարաձայնություն կա» Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրերի վերաբերյալ:
Հատկանշական է, որ թերթի հոդվածը տպագրվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը Հյուսիսային Կորեայում` Քորե Դևիսը, մեկնելու է Չինաստան, Ճապոնիա և Հյուսիսային Կորեա: Այս այցն ուղղված է Կորեական թերակղզու միջուկային խնդրի վերաբերյալ վեցակողմյան բանակցությունները վերականգնելուն, որ սկսվել էին 2003 թվականի օգոստոսին և երկու տարի առաջ փակուղի էին մտել:
Հետախուզության տվյալների վրա հիմնվելով` ԱՄՆ օրենսդիրները կոչ են արել Պենտագոնին վերանայել կանխազարկ հրթիռների մշակման որոշումը` այն փոխարինելով Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրմամբ, որոնք, ինչպես վստահեցնում են Վաշինգտոնում, տեղակայվելու են Իրանից եկող վտանգից պաշտպանվելու համար:










































