Տարածաշրջանում նկատվում է սեյսմիկ ակտիվություն:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը` անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերին:
Նա մասնավորապես նշեց Մասիսում, Գառնիում, Վարդենիսում տեղի ունեցած երկրաշարժերը և հավաստիացրեց, որ դրանք արտահայտում են սեյսմիկ ֆոնը` ըստ ՀՀ սեյսմիկ պաշտպանության օրենքի:
«Սա սեյսմիկ ֆոնի արտահայտություն է, որը մենք անվանում ենք սեյսմիկ ռեժիմ, իսկ սեյսմիկ մոնիտորինգի տվյալները չեն խոսում այն մասին, թե սպասվում է խոշոր երկրաշարժ, բայց տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն նկատվում է»,- նշեց Հ. Պետրոսյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում ԱԻՆ ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը անդրադարձավ 23 տարի առաջ Սպիտակում տեղի ունեցած հզոր երկրաշարժին: Ըստ նրա` պետք է ամեն առիթ օգտագործել և հանրությանը հիշեցնել այն թվերը, որոնք գրանցվեցին երկրաշարժից հետո:
«25 հազար մարդ մահացավ, 19 հազար մարդ դարձավ հաշմանդամ, 514 հազար մարդ մնաց անօթևան, իսկ երկրին հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ԱՄՆ դոլար»,-ներկայացրեց Գ. Նամալյանը` ընդգծելով, որ սեյսմիկ պաշտպանությունը ազգային անվտանգության հարց է:
Նրա համոզմամբ` ամեն բան պետք է արվի սեյսմիկ ռիսկերից խուսափելու համար: Անդրադառնալով Սպիտակի երկրաշարժից հետո գրանցված նախագծային սխալներին` ասաց. «Շենքերում եղել են նախագծային կոպիտ սխալներ. ցածր որակ, բնակչության անխնամ գործունեություն»:










































