Հայկական ատոմային էլեկտրակայանի կառավարման պայմանագիրը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի կողմից վաղաժամկետ դադարեցնելը որևէ կերպ չի անդրադառնա ԱԷԿ-ի աշխատանքի վրա: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Ատոմակայանների շահագործման ԳՀԻ տնօրեն, տ.գ. դոկտոր, ՀՀ նախագահին կից Ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը, ԱԷԿ-ի վառելիքի մատակարարման հետ կապված՝ որևէ խնդիր չի կարող լինել, որովհետև ՀԱԷԿ-ը՝ որպես առանձին սուբյեկտ, վառելիքի մատակարարման պայմանագիր է կնքում «Ռոսատոմ»-ի հետ, վճարում է, և վառելիքը տեղափոխում են Հայաստան:
Վ. Պետրոսյանի խոսքով՝ ռուսական կողմն ԱԷԿ-ից չի հրաժարվել, պարզապես այդ գաղափարն իրեն սպառել է, իսկ կայանի կառվարման ֆունկցիան վաղուց դրված է ԱԷԿ-ի վրա: «Ողջ պատասխանատվությունը ՀՀ-ն է կրում, էլ ի՞նչ կառավարում: Տարիների աշխատանքը ցույց տվեց, որ սա իրեն չի արդարացնում, և իրենք անելիք չունեն:
Ոչ մի միտումնավորություն չկա: Պարզապես տարիների ընթացքում գաղափարը սպառվում է: Ոչ մի թաքնված բան չեմ տեսնում, թեկուզ մի քիչ էլ շուտ դադարեցրեցին պայմանագիրը»,- ասաց Վ. Պետրոսյանը՝ նկատելով, որ պարզապես յուրաքանչյուր եռամսյակային հաշվետվություն նայելու համար «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը մոտ 30 հզ. դոլար էր ստանում, իսկ տարեկան եթե 2 անգամ հաշվետվություն ընդուներ, ապա 60 հզ. դոլար է կազմում, որը այս հսկայի համար «անիմաստ բան է»:









































