Դեկտեմբերի 7-ին և 8-ին Երևանում տեղի կունենա «Արդյունավետ կարգավորում. մարտահրավերներ և զարգացումներ» խորագրով միջազգային համաժողով:
Համաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետրի Սալոն, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Կրիստոֆ Գայրանը, պաշտոնատար այլ անձինք:
Համաժողովի ընթացքում Հայաստանի և միջազգային փորձագետները կներկայացնեն Հայաստանում իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգը, կխոսեն օրենսդրական դաշտի բարելավման գործիքների կիրառման հիմնախնդիրների վերաբերյալ: Կներկայացվի հանրային կառավարման լավագույն փորձը ԵՄ երկրներում, ինչպես նաև օրենսդրության պարզեցման և վարչարարության նվազեցման նպատակով ԵՄ երկրներում կիրառվող «Կարգավորման գիլյոտին» գործիքը:
Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆինլանդիայի Հանրապետության «ՀԱՈւՍ» հանրային կառավարման ինստիտուտի հետ համատեղ և ԵՄ հովանավորությամբ, այն իրականացվում է «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» թվինինգ ծրագրի շրջանակներում:









































