Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիի գլխավորած պատվիրակությանը:
Կարևորելով պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման և պաշտպանության այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այն Հայաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության կարևոր ուղղություններից է:
Բարձր գնահատելով միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը և Միացյալ Նահանգների հետ արդյունավետ համագործակցությունը` դերծովակալ Մարկ Մոնտգոմերին նշել է, որ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը և ընդլայնել դրա շրջանակները:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: