Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը ստորագրել են համագործակցության հուշագիր։
ԱԻՆ-ը, ստեղծելով աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը` ԱՌՆԱՊ-ը, աղետների ռիսկի նվազեցման գործընթացի մեջ է ներգրավում ոչ միայն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, այլև մասնավոր, նաև` ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններին և ընկերություններին։
Դրանցից առաջինը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն է։
ԱԻՆ-ն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն կհամագործակցեն հետևյալ ոլորտներում` տեխնածին վթարների, տարերային աղետների կանխարգելում, դրանց հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում, տեխնածին վթարների և տարերային աղետների կանխատեսում, մոնիտորինգ և վաղ ազդարարում, բնակչության իրազեկում և պատրաստվածության բարձրացում, քաղաքացիական պաշտպանության ոլորտում համատեղ գործունեություն, արագ արձագանքման, վթարավերականգնողական, որոնողափրկարարական, տարհանման և այլ աշխատանքների համատեղ կազմակերպում, կադրերի պատրաստում և վերապատրաստում, ուսումնական բազաների ձևավորում։









































