Այսօր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով հանրապետական ութերորդ գիտաժողովի եզրափակիչ փուլը:
Գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից`ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ և «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակում: Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 38 իրավաբան ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից ու բուհերի իրավաբանական ֆակուլտետներից:
Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցել են սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 24 իրավաբան ուսանողներ: Ներկայացված վեց լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք են ստացել մասնակցելու բանավոր փուլին: Այսօր նրանք հանդես եկան իրենց զեկույցներով:
Զեկույցները լսեցին և բանախոսներին իրենց հարցերը ուղղեցին Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը, Փաստաբանների պալատի փոխնախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանն ու Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Արա Զոհրաբյանը նշեց, որ այս գիտաժողովը երիտասարդների շրջանում զարգացնում է մասնագիտական որակներ:
«Երիտասարդները փորձում են հասկանալ, թե որքան կարևոր է փաստաբանի դերը: Այս գիտելիքն իրենց մոտ կմնա»,- նկատեց փաստաբանը`հույս հայտնելով, որ շուտով Հայաստանում կգործի փաստաբանական դպրոց:









































