Մայր աթոռի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Այս առիթով Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ պատարագ, պատարագիչն էր Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամ դեռ նախատոնակին Մայր տաճար էին բերվել Մայր աթոռի գանձատանը պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Հոգևորականաց դասն ու Մայր աթոռ ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներն իրենց խոնարհումն են բերել առաքյալների սրբազան մասունքներին։
Իր քարոզում պատարագիչ տեր հայրը ներկաներին հորդորել է սուրբ առայալների մասունքների առջև կանգնած իբրև քրիստոնյաներ իրենց ուխտը նորոգել, լինել առաքյալներ և այն կոչմանը, որին կանչվել են թե՛ անձնական, թե՛ ընտանեկան, թե՛ հասարակական կյանքում։
«Ես ցանկանում եմ, որ այս պահին ձեր հոգու նվիրական և խորն անկյուններում աղոթք բարձրացնեք առ Աստված և մաղթեք, որպեսզի հայոց Հայրապետական առաքելահաստատ գահը միշտ անսասան լինի:
Թող առաքելոց բարեխոսությունն առատ հեղեղի մեզ և Աստծո անսպառ զորությունն իջնի մեր ժողովրդի վրա, մեր հայրենիքի վրա և մեր Սուրբ Եկեղեցու վրա», – նշել է Ասողիկ քահանան:








































