«Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր, ֆրանսիահայ գործարար Աշխեն-Վալերի Գործունյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է, որ շաբաթ օրը Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն իրեն խնդրել են ապամոնտաժել սրճարանի բացօթյա հատվածը:
«Որովհետեւ քաղաքապետը որոշել է, որ պետք է Աբովյան փողոցը մաքրվի: Անշուշտ, որովհետև մենք չուզեցինք խնդիր ստեղծել, մենք սկսեցինք հանել:
Այսօր ես դիմեցի պարոն քաղաքապետին, որ ինձ ընդունի և ես փորձեմ հասկանալ, թե ինչու հենց «Փարիզյան սուրճը» պետք է քանդվի»,- ասել է Գործունյանը:
Բացօթյա սրճարանի մի մասն արդեն ապամոնտաժված է, մյուսը դեռ շարունակում է գործել, սակայն, սեփականատիրոջ խոսքով, թաղապետարանի աշխատակիցներն ասել են, որ պետք է ազատվի ամբողջ տարածքը։
Այդ դեպքում Գործունյանի խոսքով, ինքը չի կարողանա եկամուտ ունենալ միայն փակ տարածքի հաշվին, և սրճարանը կփակվի:
Ֆրանսահայ գործարարի կարծիքով՝ պատահական չէ, որ իր սրճարանից են սկսել. «Շատ խնդիրների առջև եմ գտնվել, փորձել եմ հաղթահարել այդ ամեն ինչը: Ես իբրև սփյուռքահայ, իբրև կին, իբրև միայնակ կին, անընդհատ նման պատմությունների մեջ եմ եղել:
Կարող է իմ ընկալումը սխալ է, իմ մոտեցումը սխալ է Հայաստանի բիզնեսի նկատմաբ։
Ամեն անգամ ես խնդիրներով եմ մեծանում և հասկանում` ի՞նչ է բիզնեսի հասկացողությունը Հայաստանում: Եվրոպայում մի քիչ տարբեր է: Եվ ամեն անգամ հարվածելով ինձ` դաս են տալիս: Մինչև հիմա դիմացել եմ այդ ամեն ինչին»:
Գործունյանը հավելել է, թե քանի դեռ բիզնեսում գործում են «ասիական մոտեցումները», Հայաստանում ներդրողների համար շատ դժվար է լինելու:
«Ես ուզում եմ հավատալ, որ ինձ ասելու են, որ կարող եմ մնալ, որովհետև դուք պատմություն ունեք Երևան քաղաքի հետ, 16 տարին քիչ ժամանակ չէ: Հուսով եմ, տեսնենք… Եթե ասեն ոչ, ես ոչ մի բան չեմ կարող անել, ես չեմ կարող պայքարել ո՛չ քաղաքապետի դեմ, ո՛չ էլ օրենքի», – ասել է Ա. Գործունյանը:






































