ԵԱՀԿ-ն ոչ բավարար չափով մրցակցային է համարել ՌԴ Պետդումայի ընտրությունները և նշել է, որ նկատվել են ձայների հաշվարկի խախտումներ:
«Ընտրությունների օրը քվեարկությունը կազմակերպվել է ընդհանուր առմամբ լավ, սակայն ընտրական գործընթացի որակը վատացել է ձայների հաշվարկի ժամանակ, որոնք բնորոշվել են մասնավոր գործընթացների խախտումներով և մանիպուլյացիա դեպքերով, ներառյալ քվեարկության թերթիկների լցոնումները»,- ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն էլ հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վերաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ( ԵԱՀԿ) միջազգային դիտորդները նշում են ՌԴ Պետդումայի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախատումների, ինչպես նաև քվեարկության ընթացքին իշխանությունների միջամտության մասին: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
«Ընտրություններում նկատվել է իշխանությունների միջամտություն»,- երկուշաբթի Մոսկվայում տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էֆտիմիուն:
Ըստ Էֆտիմիուի` խախտումներ են արձանագրվել ձայների հաշվարկի ժամանակ, քվեատուփերում լցոնումներ են նկատվել, ընտրական տեղամասերի ավելի քան մեկ երրորդից չեն ստացվել քվեարկության արդյունքների պատճենները, և նույնիսկ հաշվետվություն կա այն մասին, որ խանգարել են դիտորդների աշխատանքներին:
Էֆտիմիուն ասել է, թե դեկտեմբերի 4-ի ընտրությունները ցույց են տվել, որ ռուս ժողովուրդը կարող է ձևավորել երկրի ապագան իր կարծիքն արտահայտելու ճանապարհով` հաշվի չառնելով տարբեր դժվարություններ:
Ընդհանուր առմամբ, ԵԽԽՎ և ԵԱՀԿ դիտորդների կածիքին հակասում է ԱՊՀ երկրների դիտորդների գնահատականը, որոնք Պետդումայի ընտրություները համարում են թափանցիկ և օրենսդրությանը համապատասխան:
«Պետդումայի վեցերորդ գումարման ընտրությունները գնահատում ենք ՌԴ ընտրական օրենսդրությանը և ժողովրդավարական համընդհանուր նորմաներին համապատասխան»,- հայտարարել է առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը: Նրա խոսքերով՝ բոլոր դիտորդներին իրական հնարավորություն էր տրված ընտրատեղամասերում հետևել ձայների հաշվարկներին: Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, քարոզարշավն ընթացել է իրավական դաշտի շրջանակներում: Նկատվել են մի քանի առանձին թերություններ և խախտումեր, սակայն այդ փաստերը շատ քիչ են եղել:








































