«Արժանապատիվ կյանքի համար» (Right Livelihood Award) միջազգային մրցանակը, որը Շվեդիայում 1980 թվականից սկսած՝ ամեն տարի տրվում է շրջակա միջավայրի պահպանության և աղքատությունը հաղթահարելու բնագավառում, հանձնվելու են Չադի, ԱՄՆ և Չինաստանի ակտիվիստներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին` ագարակատերերի իրավունքները պաշտպանելու գործունեության համար: Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Մրցանակը, որ շվեդ լրագրողներն անվանում են «Նոբելյան մրցանակի այլընտրանք», շնորհվել է իրավաբան Ժակլին Մուդեինային Չադից, որը պայքար է մղում Չադում նախկին բռնապետության հետևանքով մահացածների հարազատների իրավունքների վերականգնման, Աֆրիկայում մարդու իրավունքների պաշտպանության և զբաղվածության մակարադակը բարձրացնելու համար:
Այս տարի պարգևատրվել է նաև GRAIN (Genetic Resources Action International) կազմակերպությունը, որը, ժյուրիի կարծիքով, մեծ ներդրում ունի արգարակային տնտեսությունում ագարակատերերի իրավունքների պաշտպանության բնագավառում: Այն մեծ աշխատանքներ է կատարել Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում:
ԱՄՆ-ից մրցանակ է ստացել Ինա Մեյ Գասկինը, որը հսկայական աշխատանք է կատարել ծննդօգնություն ցուցաբերելու, կրծքով երեխաներին կերակրելու մասին գիտելիքների տարածման համար: Նա նույնիսկ հայտնի է «աշխարհում ամենահայտնի մանկաբարձ» անունով:
Այս տարվա մրցանակակիրները կիսելու են 150 հազար եվրո պարգևը: Պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու երկուշաբթի երեկոյան Շվեդիայի խորհրդարանում:
«Արժանապատիվ կյանքի համար» մրցանակը 1980 թվականին հանձնել է շվեդ լրագրող Յակոբ ֆոն Ուկսկուլը` վաճառելով իր նամականիշների հավաքածուն: Նրա այս քայլն ուղղված էր սուր խնդիրները լուծելուն, որոնց մարդկությունը հանդիպում է ամեն քայլափոխի, և որոնք պահանջում են շտապ միջոցների կիրառում:
Իր մրցանակն հանձնելու համար Ուկսկուլը դիմել է Նոբելյան հիմնադրամ` առաջարկելով հիմնել երկու լրացուցիչ մրցանակներ` շրջակա միջավայրի պահպանության և աղքատությունը հաղթահարելու համար: Նա նույնիսկ իր կողմից առաջարկել է ֆինասավորել: Սակայն Նոբելյան հիմնադրամը մերժել է այն: Այդ պատճառով Ուկսկուլը որոշել է հիմնադրել իր մրցանակը, որը շվեդ լրագրողներն անվանել են «Նոբելյան մրցանակի այլընտրանք»:
Համաձայն մրցանակային հիմնադրամի կանոնների` գումարային պարգևատրումը դափնեկիրների անձնական կարիքների համար նախատեսված չէ, այլ ուղղված է նրանց աշխատանքների և գործունեության համար:
Այս ընթացում այս մրցանակին են արժանացել 145 կազմակերպություններ և աշխարհի 61 երկրների հանրային գործիչներ:









































